Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բնորոշելու համար իրենց պարտությունը Կալիցիո մեջ, Լեմպերկի կորուստովը արձանագրված։ Ավստրիացիները այս ճակատամարտներուն մեջ իրենց ցույց տված քաջությունը և դիմադրությունը՝ ռուսական առավելակշիռ ուժերու դեմ՝ այս նոր բացատրությունով հավերժացուցին. իրապես պարտված բարոյապես հաղթող հռչակեցին ինքզինքնին, նոր վիճակ մը ստեղծվեցավ, մինչև ցարդ մեկ կողմը կը հաղթեր և մյուս կողմը կը պարտվեր, նոր բացատրությամբ երկու կողմն ալ հաղթող կրնար հանդիսանալ։ Ոչ ոք ընդդիմություն ցուցուց այս նորության դեմ։ Անոր վրա Մեծն Քրիտանիան ավելցուց «վերջնական հաղթությունից, Final Victory, որուն կը հավատան ամեն անոնք որոնք բիրտ ուժին վերևը քաղաքակրթական ուժի մը գոյությանը համոզված են։ Նափոլեոն, որ հաղթություններու ամենեն առատ հունձքը քաղած ըլլալուն կրնար պարծենալ, «վերջնական հաղթություն»ը չունեցավ։ Պատերազմի բախտը երբեմն կը նմանի այն պչրասեր կանանց, որոնք շատ մը վաղանցուկ հպումները, նույնիսկ մերկացումները կը թույլատրեն՝ բայց տևական կենակցության չեն հոժարիր։

Կան նաև՝ Կատարյալ հաղթությունը, այն՝ ուր պարտվողը բոլորովին անձնատուր կըլլա, և Անկատարը՝ ուր պարտվողը զենքը ձեռքը՛ կը կենա, հաղթողին հոգնութենեն օգտվելով հաշտության ամեն մեկ պայմանին վրա կը վիճի կարևոր զինումներ ձեռք կը բերե և իսկույն երկրորդ պատերազմի մը կը պատրաստվի լռելյայն։

Ո՞րն է վերապահված մեզի։


Ժ. ՆԱՄԱԿ

Գերմանիան կը զարթնու հոյակապ ու շքեղ հրազեն որ քառասունըչորս տարի տևեց անընդհատ, կը զարթնու միահեծան տիրապետութենեն որով ճնշեց բովանդակ Եվրոպան... ինքզինքը գտնելու համար այս պահուս պատերազմի դաշտին վրա միս մինակը։ Վալքիյռիներե առաջնորդված մարտիկներու երազ՝ Հազար և մեկ Գիշերներու պատմությանը վերջավորությունովը պսակված։ Ինծի համար պատերազմը վերջացած է,