Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լմնցած է այն վայրկյանեն ուր աշխարհք հասու եղավ Վեճին իսկությանը։ Կռիվ չունինք ազգի մը դեմ որուն անժխտելի մեծությանն ու զորությանը վրա կը հիանանք, մենք կը մարտնչինք լոկ մտայնության մը դեմ որ կըսե՝ Իրավունքը հզորագունին։ Տարվին կենդանաբանական աշխարհին համար սահմանած էր այն օրենքը որով ապրելու իրավունքը ամենեն ընդունակին, le plus apte a vivre միայն կը շնորհվեր։ Սփենսըր կը ջանար մարդկային ընկերության պատշաճեցնել զայն։ Ո՞վ է մարդոց և ազգերուն մեջ ամենեն ընդունակն ապրելու, այս հարցը գործնականապես ճշտելու համար հռչակվեցավ պատերազմը, ճշտելու համար թե ո՞վ է հզորագույնը։ Մենք կը պատասխանենք՝ Իրավունքը տկարագունին։ Ահա երկու անհաշտ, մշտնջենապես, խորապես անհաշտ գաղափարները որոնք ասպարեզ իջած են այսօր, դավանանքի կռիվ, անողոք նույնատեսակ բոլոր կռիվներուն պես։

Մարդ մը՝ ձեռքը իր սարի երախակալին՝ հրավեր կը կարդա, իր իրավունքին, անվիճելի իրավունքին վրա կը ճառե, ո՞վ չունի միթե անվիճելի իրավունք մը. ան միայն իրենին խոսքը կընե. այդ իրավունքը մեծ է, խիստ մեծ. վա՜յ անխոհեմին որ պզտիկ դիմադրություն մը պիտի փորձեր։ Այդ սարսափը այսօր գոյություն չունի, խպլիկին վախը փարատած է այլևս, և շունչ մը, երկա՜ր, աղվո՜ր, աղա՜տ, բոլոր աշխարհքի կուրծքեն դուրս կը թռչի միահաղույն։


ԺԱ. ՆԱՄԱԿ

Գյուղը մոտիկնիս է, հերկված, հարդարված հողերով, անդին թարմ կանաչություն մը որու վրա ակնարկը կր հանգչի, այստեղ ոչխարներու երամակ մը ցնծության մեջ, հանկարծ գերմանական հրետանին կը գոռա, մահ կը սփռե ամեն կողմ, մերինը կը պատասխանն, լեռնե լեռ կերկարի արձագանքը որոտուսներուն. նախաբանն է աս. հետո գնդակներու սուլումը, օդին մեջ թռչող անհամար օձերու վազքը. կրակե անձրե որուն շռափնելներու կարկուտը կը խառնվի, նորօրինակ հրախաղություն է այս. հետո գրոհը՝ աջեն ձախեն, դեմեն, քովեն,