Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեր վրա խոյացող թշնամվույն, սվիններու կռիվը արյունարբու. հետզհետե կիյնան մերինները, գետինը կը ծածկվի և սակայն ոչ իսկ Փոքրիկ տրտունջ մը կը խառնվի մոլեգին երաժշտության պատերազմին, ոչ ոք պիտի թույլ տար ինքզինքին այս տկարության նշանը թշնամվույն առջև, մեր վաշտը նահանջեց թողլով պզտիկ բլուրը ուր կեցեր էինք, հրաման մեզի երթալու կրակին դեմ. առաջ կը նետվինք առանց վարանելու, արբած խելակորույս մարդու արշավն է մերինը. վերագրավեցինք մեր բլուրը, նորեն ձեռքե հանեցինք, վերստացանք. վեց ժամե ի վեր կը կռվինք շարունակ։

Մեր շուրջը ոչ տուն, ոչ տնակ այլևս, ոչ ցանք, ոչ մշակություն, ոչ ծառ, ոչ բույս, համատարած լռություն մը. ամեն բան քար ու քանդ, տակնուվրա, դիակնե՜ր, դիակնե՜ր, դիակնե՜ր մարդոց, կենդանիներու խառնիխուռն, հողը պատառ պատառ հոշոտված և այս անէացումին վրա՝ ծուխեր մուխեր, որ ծուլորեն կը բարձրանան տեղ տեղ պզտիկ ամպերու պես հոս այրող ջաղացքի մը վրայեն, հոն՝ գյուղին կիսակործան տանիքներեն։


ԺԲ. ՆԱՄԱԿ

Իրավունք ունի՞մ իմ անձիս վրա խոսելու, կերևի թե դյուցազնություն մը ըրած եմ անցյալ օրվան պատերազմին մեջ, այսպես կըսեն մեծերս որոնք անունս կը հիշատակեն բանակին օրակարգին ordre de jourի մեջ. միտքս է, այո՛, որ մեք նահանջի ժամուն ետ դարձա մինակս, թշնամիին կրակին տակ պառկող վիրավոր ընկերներեն մին շալկեցի ու մեր կողմը բերի, հետո երկրորդ մը, երրորդ մըն ալ, անփույթ վրաս տեղացող գնդակներուն. ա՞յս է դյուցազնական արարքը, մահը երբոր մարդուս շուրջը կը հածի կը բազմապատկվի կը բյուրապատկվի՝ կը դադրի սարսափ ազդելն, անվնաս կը դառնա, կատակի կը վերածվի, այսպես հաջողեցա ես կտրիճի համբավ շահելու։

Մի մոռնար, սիրելի՛ս, այսուհետև ինծի գրելիք թուղթեերուդ մեջ դյուցազնի մը մատուցվելիք հարգանքը։

<1914>