Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերջացած։ Հանցանքն իրը չէր եթե գացեր էր աշխարհիս մեկ ծայրն ու անպաշտպան թողեր էր զինքն անգութ հոր մը բռնությանց ներքև ու հիմա եկեր էր իբրև թե համար պահանջելու իրմեն։ Զինքը սիրել խոստանալով հավիտենական գերության դաշն կռած չէր ու Սեդրաք իրավունք չուներ այնչափ ատեն անտարբեր ու լուռ կենալե վերջը ճիշտ պսակի արարողության ժամուն սպառնալից ստվերի մը պես երեսին զարնելու իր ընթացքը։ — Նահանջել կարելի չէր այլևս, բոլոր գյուղին մեջ ծաղր ու ծանակ ու շաղակրատ ամբոխի մառջև ամոթահար ըլլալու վախը մեռնելե ավելի սարսափելի էր։

Ու Սեդրաք ճիշտ զինքն այս նվաստության մատնել եկեր էր անշուշտ։ Այս մտածումները մեկ մանրերկրորդի մեջ Սուրբիկի մտքեն անցան, ու հիմարուհին՝ ինքնիրեն եթե ոչ պարկեշտություն գեթ արդարացում մը գտնել կարծեց իր վարմունքին մեջ. նամանավանդ աչքին զարկեր էր երիտասարդին ճամփորդության անճոռնի հագուստներն հրավիրելոց սև ու անքննադատելի զգեստներուն մեջ. անոր արևեն ու հողմեն սևցած երեսը չգիտեմ ի՛նչ վայրենության երևույթ մը տվեր էր անոր սովորաբար տրտում երեսին ու անմիջապես մեծ տարբերություն մը նշմարեր էր երիտասարդին ու իր ամուսնույն մեջ։

Սեդրաք իրեն համ աստիճան մեկը չէր. իրմե վար դասի մը պատկանող անձի մը կողմեն, նույնիսկ թե որ պաշտեցյալ մեկը չիներ այդ անձը, Սուրբիկ թշնամանքի մը հանդուրժողննրեն չէր ու չի հանդուրժեց. ամբարտավան կերպով մը վեր առնելով իր գլուխն՝ «Այո՛, տեր հայր», ըսավ քահանային, «հնազանդ եմ»։

Այսպիսի հանդիսավոր վայրկյաններու մեջ բնական եղող հուզումե ի զատ ոչ ոք բան մը նշմարեց հարսին դեմքին վրա․ այս անդարձ որոշումը կայծակի արագությամբ տրվեր էր անոր մտքին մեջ ու մեկ բառով ճակատագիր մը խորտակեր էր։ Ահա այսպիսի խախուտ ու անիրավ պատճառաբանության մը կը հենուր այս անողոք որոշումն, որ մանկության ու պատանության ամենեն նվիրական կապերը գանակի մը պես մեկ հարվածով կը ջնջեր, ափսո՛ս. ու հարկ է ավելցնել որ այս աղջիկը թերևս լավագույն կինն էր աշխարհիս վրա։