Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատվավոր հարուստներեն։ Անոք, անօգնական, երկիրես ուղղակի ձեռք ոտքը եկա ապաստանելու. պզտիկ նախնական կրթարան մը ասած եմ, ու ամեն ծառայության պատրաստ կը գտնվիմ»։

Գևորգ աղան գթության ու կարեկցության անկեղծ շարժումով մը երկու ձեռքերը կը բանա ու նամակը գետին կիյնա։

— Ի՛նչ խեղճություն, տեր աստված. այս մարդն ալ կործանեցավ. մտածե՛ հեղ մը, պ. Թովմաս, Բեքմեզ օղլոլ Մանուկ աղան, 40 տարվան բարեկամ մը. հարուստ, ճարպիկ, խնայող մարդ մը. այնչափ մեծ գործեր ըրած ենք հետը։

Պ. ԹՈՎՄԱՍ. — Ի՜նչպես չեմ գիտեր, վերջին անգամ աֆիոնի գործ ըրինք, միտքս է. աղեկ շահ եղավ։

ԳԵՎՈՐԳ ԱՂԱ — Ո՜ւր են ան գործերը հիմա, ան ատենի մարդիկը խոսքերնուն տերը և պարտքերնուն գերին էին. հիմա առավ փախավ ամենքը, գործ ընելու հնար չի կա։

Պ. ԹՈՎՄԱՍ. — Ա՛լ ծերացաք։

ԳԵՎՈՐԳ ԱՂԱ (բարկանալով). — Դուն ալ այդ ապուշ խոսքին վարժվեր ես. մարդ մինչև իր մահը աշխատելու է. այս է իմ համոզումս, մինչև մահը, հասկցա՞ր. հանգիստը մեռելներուն համար է ու, թե որ կարելի ըլլա, քալելով, իր ոտքովը մինչև գերեզման երթալու է։

Պ. ԹՈՎՄԱՍ (շողոքորթությամբ պզտիկ մը դիմադրելով). — Բայց մեղք եք...

ԳԵՎՈՐԳ ԱՂԱ (կտրուկ). — Ծուլությունն է մեղքը։ Սա տղուն խորհինք քիչ մը, նայինք ի՛նչ կը մտածես կոր դուն, ես այո տղուն օգնեմ պիտի, տեսնենք ինչ կրնանք ընել, հորը խաթերը կա. իր երեսեն վաստկած ստակնիս կա. երեսի վրա չենք կրնար ձգել այս տղան։ Խոսե՛ տեսնեմ։

Պ. ԹՈՎՄԱՍ․ — Քիչ մը ստակ տալու է. քանի մը ոսկի տանք, վրան գլուխը մաքրենք, հագվեցնենք, հետո, դպրոց գնենք։

ԳԵՎՈՐԳ ԱՂԱ․ — Ստակը ի՜նչ է ատ հասակի տղուն։

Պ. ԹՈՎՄԱՍ. — Մենք մեր ձեռքովը հոգանք ծախքերը։

ԳԵՎՈՐԳ ԱՂԱ. — Մարդը գործ կուզեի դուն ստակ տալու կելլես։