Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՏՎԱԾՆԵՐ

ՍՏԵՓԱՆ ԷՖԵՆՏԻ. դիվանադպիր, դիվանադպիրի տիպար, ակնոցը աչքը ու սև որտենկոթին ծայրը գետինը. Պատրիարքարանի ամենեն հին ու անխախտ սյուներեն մեկը, լուսահոգի Հակոբոս պատրիարքեն մինչև հիմա եկած գացած բոլոր եկեղեցականներով բոլորանվեր հոգի մը։

Տ. ԿՈՌՆԱԿ Ծ. Վ. Արմաշի շրջանավարտ մը. տքնումն ու հսկումն ազազուն դեմք մը, շրջապատված սև, գռուզ մորուքով մը որ կը ջանա այս վտիտ պատանյակի դեմքը պատկառելի ընծայել։

ՀԵՌՈՒՄ ԷՖԵՆՏԻ. լրաբեր, արտահայտություն չունեցող դեմք մը. ո՛չ հոնքերու պոստում ունի, ոչ ժպիտ, չոր, միօրինակ նայվածք մը որ զինքը համակրելի չի կրնար հանդիսացնել, մանավանդ Պատրիարքարանի մթնոլորտին մեջ։

ՀԵԹՈՒՄ ԷՖ. (աղերսարկու ձայնով մը). — Կը փափագեի որբանոցներու վրա ճշգրիտ տեղեկություններ առնել...։

ՍՏԵՓԱՆ ԷՖ. — Որպեսզի ուզածնուդ պես խեղաթյուրեք, այնպես չէ՞։

ՀԵԹՈՒՄ ԷՖ. — Կը խոստանամ բառ մը անգամ չփոխել ձեր տված բանաձևեն. արդեն այնպես պայմանված ենք, ստոր մը չպիտի փոխվի։

ՍՏԵՓԱՆ ԷՖ. — Մենք պիտի խմբագրենք և դուք պիտի հրատարակեք։