Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԵԹՈՒՄ ԷՖ. — Կընդունիմ։

ՍՏԵՓԱՆ ԷՖ. (Կոռնակ վարդապետի հետ խորհրդակցելով մեղմիվ). — Քանի՞ որբանոց ունինք, կրնա՞ք ըսել։

ԿՈՌՆԱՍ ՎՐԴ. (որ բարձրագույն մաթեմաթիքի մեջ շատ հաջող է). — Հիսունըվեց։

ՍՏԵՓԱՆ ԷՖ. (զարմանալով). — Իրա՜վ կըսես, ես միայն չորս հատ կը կարծեի։

ԿՈՌՆԱՍ ՎՐԴ. — Մինչև իսկ կրնաք յոթանասունըութը ելլել։

ՍՏԵՓԱՆ ԷՖ. (ապշած բայց համոզվելու պատրաստ). — Ի՞նչ կերպով։

ԿՈՌՆԱՍ ՎՐԴ․ — Հաշիվը պարզ է։ Ս. պատրիարքը որոշած է արդեն որ կարելի եղածին չափ շատ որբանոցներ հաստատվին. այս մտքով ամեն գավառական առաջնորդներու ամենախիստ հրահանգներ տված է և ես խմբագրեցի այս շրջաբերականը, հավակնոտ չեմ կարծեր ըլլալ հավտալով որ ամենեն ազդու գրվածն է և Պատրիարքարանի ժամանակակից արձակին գլուխ գործոցը. գրվածքին ոճին վրա հիմնվելով, կը հավտամ որ այդ շրջաբերականին հասած ամեն կենտրոնի մեջ արդեն այս ժամուս մեյ մեկ որբանոց հաստատված պիտի ըլլա... (տեսնելով որ Ստեփան էֆ. շարժում մը կընե) ներեցեք, ասիկա իմ հաշվիս խարիսխն է. ձեզի հաճելի ըլլալու համար կուզեմ 50% զեղջ մը ընել ասկե, և ընդունիլ որ շրջաբերականը հասած վայրերեն միայն կեսը Պատրիարքարանին հրահանգը ի գործ գրած է. գո՞հ եք, Ստեփան էֆ․։

ՍՏԵՓԱՆ ԷՖ. (բոլորովին համոզված). — Հիմա կը հասկնամ։

ԿՈՌՆԱՍ ՎՐԴ. (շարունակելով). — Բայց ասով ալ չեմ բավականանար. ավելի համեստ, եկեղեցականի մը պես համեստ ըլլալ կուզեմ, գիտե՜ք ինչ է եկեղեցական համեստությունը, Ստեփան էֆենտի։

ՍՏԵՓԱՆ ԷՖ. (հետաքրքիր)․ — Սովորական համեստությունը չէ՞ միթե։

ԿՈՌՆԱՍ ՎՐԴ. — Բնավ. Արմաշի մեջ, ուր այս մասին հատուկ դասավանդություն կըլլար, երկարորեն ճշտված է թե ի՛նչ են աշխարհական և եկեղեցական համեստության զանազանությունները։