Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սեդրաք իր պաշտոնատեղին չի վերադարձավ և ոչ իսկ հրաժարական մը կամ լուր մը ղրկեց, ի՞նչ օգուտ այլևս։ Այս անլուր մատնությունն ահարկու հարված մեղավ գլխուն որ զինքն ընդարմացուց ու ապշեցուց. իր սերն, իր անձնվիրությունն, այս ուխտադրում աղջիկն, այս հարսանիքն, ուրիշ բան չէին կրնար լինիլ բայց անհաճո երազ մը ուսկից սթափիլ կուզեր։ Ինչ որ հզորագույն հուզումներ չէին կարողացեր ընել այս ուժով մարդուն վրա, մատնված սերը կարողացավ ընել։ Սեդրաք ընկճեցավ. իր սրտեն զարկեր էին զինքն. այս աղետը խորտակեր էր իր հոգվույն միակ զսպանակն, և ուղեղը չէր կրցած դիմադրել այս անակնունելի բաղխման. բժիշկները մոտալուտ խելագարության նշաններ նշմարեցին անոր վրա։

Ետի—Քուլեեն Վելի—էֆենտի երթալու ճամփուն վրա ամայի և առանձնացյալ դաշտի մը մեջ երկհարկ, փայտաշեն ու քառակուսի շենք մը չի բարձրանար այլ կը տարածվի, հին, գրեթե խարխուլ ու ընդարձակ հարկ մ՛է որուն հավիտենական դեղին գույնն առածի կարգ անցած է. դիմացը կա փոքրիկ պարտեզ մը որուն մեկ մասը բանջարեղինաց հատուկ է ու մյուս մասն հասարակաց զբոսավայր մը լինելու հավակնությունն ունի։ Ադրիանուպոլսո շոգեկառքն անոր արևմտյան կողմը քերելով իր երկաթե ճամփուն վրա կը սրանա։

Այս պատմական շենքն Հայոց Ազգային հիվանդանոցն է։ Ես չեմ նայիր ոչ անոր փլատակ սպառնացող պատերուն և ոչ աղքատիկ անկողիններուն. անոր տխուր ճակատը զարդարող ազգային անունն իմ սիրտս կը գրավե ու անմիջապես կը սիրեմ այս քայքայուն շենքը։

Օրինավորություն, ճշտություն ու հայրական հոգածություն մը կը տիրեն այս ճշմարիտ ազգային հաստատության մեջ։ Անոր հիմնադրին նվիրական ոսկերոտիքն Մայր—Եկեղեցվո մեջ կը հանգչին, այլ անոր ազգանվեր ոգին հավիտյան կը հսկե այս սփոփանաց հարկին վրա։

Հիվանդանոցին մեջ մաս մը կա որ ամուր պատերով բաժնված է ու երկաթե հաստատ ձողեր անոր պատուհանները կը զարդարեն, 40 — 50 հոգվո չափ բազմություն մը կապրի հոն