Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեր ընտանեկան բարքերը ա՜յն աստիճան մատնված են ապականության որ ամենօրյա բարոյականի քարողները ներքին լուրեր հաղորդելու չափ կարևորություն ստացած ըլլան։


Միանգամ ընդմիշտ ըսենք ամեն անոնց որ տարրական ճշմարտությունները ըմբռնելու ընդունակ են, թե անբարոյականությունը մարմնական զեղծմանց մեջ չի կայանար միայն։

Այդ ստորին կայանը հատկացնելով շարունակ բարոյականին, զայն կարի գռեհիկ ու աննշան բան մը դարձուցած կըլլան։

Սիրո վաճառականությունը մեղադրելի է անոր համար անշուշտ որ կեղծիքի առուտուր մըն է․ և սակայն որքա՜ն մարդիկ ապրուստնին կը ճարեն օրնիբուն իրենց սիրտն ու հոգին կեղծելով։

Փաստաբան մը՝ որ անիրավ դատի մը պաշտպան կանգնելով իր հմտությունը կը ծախե քանի մը ոսկիի փոխարեն, հրապարակագիր մը՝ որ իր խիղճն ու գրիչը միանգամայն կը վաճառն որոշյալ շաբաթականի մը համար, բժիշկ մը՝ որ հիվանդ մը խաբելով, խաբխբելով, իր այցելագիրներու արդյունավոր շարունակությունը կը պահպանե, երիտասարդ մը՝ որ աղջկան մը դրամ օժիտին համար կը կարգվի միայն, ինքնամատույց կնոջմեն կը տարբերի՜ն միթե և իրենց ստացած դրամը ճշմարիտ կապենք մը չէ՜ արդյոք։

Հեռո՜ւ մեզմե այն բարոյախոսները՝ որ ընկերական կարգերու ամեն կեղծիքներուն դեմ անտարբեր՝ միաչն կնոջ մը մերկ ուսեն կամ հոլանի պարանոցեն կը շառագունին։

Մտքերնիդ չի՜ գար Թառթյուֆը։

Խոսքդ ուղղելե առաջ ինծի՝ խնդրեմ ա՛ռ
Թաշկինակս ու ծածկե այդ լանջն անպատկառ


Մարդիկ՝ որոնց բարոյականի ամուր ու հաստատ շենքը, Նեվայի ափանց վրա կառուցված ձյունե դղյակի մը պես,