Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարմնական աննշան մեկ հրապույրին առջև կը կակուղնա, կը հալի, կանհետանա իսպառ և որ ավելին է՝ չեն կրնար գրքի մը մեջ, իրենց դյուրաբորբոք զգացմանց համար անպատուհաս կերպով ընթեռնուլ սիրո մը նկարագրությունը, կնոջ մը պատկերը, դիմագիծը, առանց խռովելու տեսնել Ռյուպենսի մեկ նկարը կամ դիցուհիի մը արձանը։

Եվ այս դառնությամբ կը դառնան մեր գրականության դեմ ալ — այնքան հեռու արդեն եվրոպական գրականութենեն — հոն ալ որոնելու, գտնելու ցանկության միքռոպը, որուն համար կը վախնան թե իրենց դյուրագրգիռ հոգին՝ բերրի ու արգավանդ հող մըլլա։


Գրականությունը իր նպատակովը միայն կրնա բարոյական կամ անբարոյական հռչակվիլ. նկարագրությունները՝ արվեստական խնդիրներ են, որոնք չեն կրնար երբեք անբարոյականության համար իբրև փաստ հառաջ բերվիլ։

Եթե երբեք ախտաբույր կամ ցանկացուցիչ տեսարանի մը նկարագիրը բավեր հեղինակը անպարկեշտ ու անբարոյական համարելու համար, գիտե՞ք որ նախնի ու արդի, աշխարհական կամ սրբազան մատենագիրներեն գրեթե ոչ ոք դուրսը պիտի մնար։

Հելլենական գրականությունը նախ պետք էր կրակը նետեք իր դիցաբանության հետ մեկտեղ։

Կուզե՞ք որ Արինտոփանեն հատվածներ գրեմ հոս։

Հռովմայեցվոց մատենագրությունը տարփանքի նկարագրության մեջ հելլենականեն վար չի մնար. Լյուքռես, Քաթյուլ Փեթռոնե դասական հեղինակներ են։

Բայց ի՞նչ պիտի ըսեք Հոռասի համար, կարդացա՞ծ եք բարեկամի մը ուղղյալ, առ Պառին, առ Մեսեն վերնագրով տաղերը։

Ժյուվենալ կանանց վրա գրած երգիծանքին մեջ անտարակույս գերազանցած է արդի գրողներուն բոլոր ազատությունները։