Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ֆրանսական մատենագրությունն ալ իր նշանավոր ու դասական հեղինակներովը նպաստավոր չէ բոպիկ ոտքե մը կամ անծածկույթ ստինքե մը կարմրող հրապարակագիրներուն։

Ռապըլե իր զվարթախոհ հեշտասիրությամբը երբեք անբարոյական հեղինակ մը համարված չէ։

Բայց անշուշտ պիտի զարմանաք, եթե ըսեմ ձեզ թե տիկին տը Սեվինիե ոչ նվազ համարձակ գրագետ մըն է. տիկին տը Պռենվիլիե անուն կնոջ մը անձնասպանության փորձին առթիվ, իր աղջկան գրած նամակները կրնաք աչքե անցընել։

Ֆլեշիե պերճախոս եկեղեցականը ինքն այ անբարոյականության ամբաստանութենեն ազատ պիտի չի մնար ձեր աչքին, եթե իր հիշատակարանները կարդացած ըլլայիք. և նույնիսկ Ֆենըլոն իր Տելեմաքովը, իր դիցուհիներու, հավերժահարսերու նկարագրությամբ հեշտություն չի բուրեր քիչ մը։

Լաֆոնթենին խոսքը չեմ ըներ, բայց Մոնթեսքիյո անվանի օրենսգետն ու փիլիսոփան, իր Պարսկական նամականիովը անտարակույս անբարոյական գրագետի մը վճիռը պիտի ստանար ձեզմե։


Կուզե՞ք որ քիչ մըն ալ վերջին դարու հեղինակներուն վրա խոսինք. կընդունի՞ք Վոլթեռը, ո՛չ. Տիտռո՞ն ալ չեք ուզեր․ Ժան Ժաք Ռոլսոյեն պզտիկ ընթերցո՞ւմ մը, Նուվել էլոյիզեն Խոստովանություններեն։ Կը փափագիք ակնարկ մը նետել գոնե Թեոֆիք Կոթիեի՝ Օրիորդ տը Մոփենիե, Միշլեի Վհուկին, Տյոլմայի Քամելիադարդ Տիկնոջ վրա։ Ասոնք բոլորն ալ անբարոյական են. ֆրանսական բոլոր գլուխգործոցները մեր մաքուր բարքերուն համար չեն։

Արձակագիրներն են ասոնք. բանաստեղծները տեսնենք շնորհ պիտի գտնեն ձեր աչքին առջև. Ռոնսառ, Տոպինյե հիներեն են։

Անմաքուր գրիչներ անշուշտ բոլորն ալ, որոնց արտագրած