Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խենեշանքը ֆրանսական ստամոքսները կը մարսեն և դպրոցներուն մեջ կը կարդացվին, կուսուցվին։

Բայց քերթողի մը անունը պիտի տամ, զոր պիտի չի կարենաք մերժել, Ալֆռետ տը Մյուսեն։

Ալֆռետ տը Մյուսեն ինքն ալ կապշեր — եթե ողջ ըլլար Նամունայեն առնված հատվածի մը՝ անբարոյական հորջորջված գրականության դեմ, իր գրականությանը դեմ իբրև փաստ մեջտեղ բերվելուն։

Հա՞րկ է թարգմանել հոս թե ինչպես կսկսի Նամունան։


Մեր հին մատենագրությունը՝ սրբազան ու պատմական մատենագրություն մըն է միայն. այսուհանդերձ կրնամ գրականության Թառթյուֆները ահաբեկելու համար ցույց տալ Սողոմոնի Երգ Երգոցը, որոնք, հուսամ թե, խստապահանջ պարկեշտության ու բարոյականի դեմ չեն մեղանչեր, — մասնավորապես Գլուխ է-ն իրենց խորհրդածությանցը կը հանձնեմ։

Եվ մեր վերջին գրականության գալով, Ություճյան Գաղտնիք Հավատա քննությանդ թարգմանելով չենք կարծեր որ լպիրշ գրականության ծառայած ըլլա, և սակայն հոն նկարագրություններ, տեսարաններ չեն պակսիր կիրքեր ու սաստկությունն ու զայրույցքը պատմող։

Իսկ Դուրյան, այն պարկեշտ ու մաքուր հոգին, այդ անբասիր ու շուշանաթույր կյանքը, ա՞յն ալ խենեշանք մը նետած է մեզի իր վերջին թատրերգությամբը, Թատրոնը, որուն նյութին հանդգնությունը՝ խավարամիտ աչքերու կամավոր միամտությունը կրնա շլացնել։


Թողունք ուրեմն այդ անբարոյական գրականության հորջորջումին տակ հարվածված մատենագրությունը, որուն գլխավոր պակասությունը այն է թերևս որ ստամոքսի, ուտելիքի, պարենավորման պայմաններուն, գիներուն վրա չի ճառեք և կը հակառակի ասով գուցե մեր դրական գաղափարներուն։