Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հզոր ու որոտաձայն պահապանի մը ազդած սարսափին տակ հնազանդ։ Գլուխնին պզտիկ գդակ մը, լայն ու հաստ բրդե շապիկ մը, նույնպես լայն ու միևնույն կտավե տափատ մը այս թշվառության զինվորներուն միօրինակ համազգեստն է։ Մեծ մասը նստած է փայտե տախտակամածի մը վրա ու շրջանակ մը կազմած է։ Դեմքերնին լուրջ ու խոժոռ, ակնարկնին շրջուն ու մոլորյալ, ձայներնին ցած ու հանդարտ, այս մարդիկը նորեկ այցելուին աչքին կարծես ծանր ու դժվարին խնդրո մը համար խորհրդակցության մեջ են. մաս առ մաս իրարու հետ կը խոսին, կը պատասխանեն, կը վիճին ու առանց մոտեն ականջ տալու անոնց խոսակցության անկարելի է դատել այս տարաբախտներուն վիճակը։

Հիմարներն են ասոնք։

Ահավոր ու կարեկցության արժանի տեսարա՜ն։

Այս միազգեստ տարարախտներուն մեջ երիտասարդ մը կը Նշմարվի իր զվարթ ու խնդուն երեսովն ու համակրելի ձևերովը. արագ, գրեթե տենդային արտասանություն մը ունի, հակառակելու չի գար անոր, անմիջապես կը զայրանա ու կսպառնա. իր բախտակիցներեն միույն հետ կը խոսի շարունակ որ իրեն մտիկ չըներ, կը խոսի ու կը խոսի, կարծես պատմություն մը կընե ու վճիռ մը կսպասե անկից.— ի՞նչ կը շաղակրատե այս հիմարն, երբեմն կերգե ու գիշերն անխոս լռության մեջ ամենքը կը ճանչնան անոր սիրած երգերուն ողբալի շեշտը։

Այս հիմարը Սեդրաքն է։

Տարվան մը չափ ամեն բժշկական խնամք անօգուտ դառնալով, ընտանիքը պարտավորեցավ ազգային խնամոց հանձնել զայն։

Տիգրան ուրբաթ և կիրակի օրերն հատկացուցած է իր բարեկամին՝ որ զինքը չի ճանչնար։

Իզուր նոր կայծով մը բորբոքել կուզե այս մարած հրաբուխն, ու արձագանք մը արթնցնել անոր խորահատակ սրտին մեջ. ամեն հույս շատոնց վերջացած է ամենուն համար և Տիգրան միայն կը համառի բախտին ու գիտության դեմ. իր այցելություններն անպակաս են։ Հիվանդանոցի մարդիկներն հիմարին