Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գրականությունը այն ատեն միայն անբարոյական է, երբ իր առաջագրած նպատակն ըլլա ընթերցողները ցանկությամբ ու տարփանքով վարակել։

Կը լսենք որ Եվրոպայի մեջ կան գրավաճառներ, առևտրական ձեռներեց ոգիեն մղյալ, որ հատուկ դիրքեր գրել կուտան, կը տպեն ու կը ցրվեն գաղտագողի, անասնական նկարագրություններով և միայն նկարագրություններով լեցուն, որոնք անուն չունին, հեղինակ չունին, հրապարակային գոյություն չունին, այլ կը սողոսկին ձեռքե ձեռք, և կանգ կառնեն սովորաբար հանուն բարոյականի պոռացող մարդոց դարակներուն մեջ. ատոնք են ահա լպիրշ գրությունները։

Իսկ ֆրանսական արդի մատենագրությունը հոյակապ և աննման արվեստի մը մարմնացումն է։

Պալզաք, Ֆլոպեդ, Կոնքուռ, Պոտլեռ, Տոտե, Պուռժե անբարոյակա գրագետներ չեն, այլ մեծանուն մատենագիրներ, որոնցմով Ֆրանսա հավետ կը պարծի։

Զուգահեռական ուսումնասիրություն մը պիտի չընեմ նկարչության և արձանագործության համար, որոնք մարդկային մարմինը այնքան հոլանի ցույց կուտան։

Գիտեմ որ բարոյականի հավատաքննիչները չեն հանդուրծեր ատոր և անշուշտ կը փափագին փակված տեսնել Լուվռի Մյուղեն և Նեշընըլ Կալըռին։


Ո՛չ, մեր ընտանեկան բարքերը, մեր գրականությունը հեռու են ապականությամբ վարակվելե։ Այդ ձրի զրպարտությունը բանով մը չարդարանար, և եթե հարկ անհրաժեշտ է հանուն բարոյականի պայքար մը մղել մեր մեջ, նյութեր չեն պակսիր, ափսո՜ս, որ իրոք արդարացնեն անբարոյականության ամբաստանությունը։

Պարոնյան՝ միակ բարոյագետը, որով պոլսահայերը կրնան պարծիլ, երբեք մեր հեք գրականության դեմ ըսելիք մը չի գտավ, բացի անոր շողոքորթ ու շատ անգամ կեղծավոր ձգտումեն։