Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ՆԱՎԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ

Եւ ահա նաւու միոյ
բեկելոյ նշխարք...

Քայքայված կողերու, լուծքի, ողնափայտի բեկորներ, փտուկ, տամկահար պարաններու մնացորդներ, տախտակամածի մը կոտրտուքները զոր ալիքները հոս հոն կը տանին դեռ իրեն կամակ տարուբերումին հետ. և սյուները անվթար անկորուստ, գետնաքարշ սողալով սակայն, փոխանակ ուղղաձիգ կենալու նավուն վրա որ գոյություն չունի հիմակ։

Ողորմելի տեսարան մըն է, այնպես չէ՞, Հայ թատրոնին պարզած այս տեսիլը։

Հանկարծուստ ելլող փոթորիկ մը պատասխանատու չէ այս նավաբեկության, և սանձակոծ կոհակներու հարձակումին տակ ջախջախված չէ այս շենքը, այլ հանդարտիկ ալիքներու ամենօրյա լիզումովը, խարտոցի համառ ու հարատև աշխատությամբը մաշած, փճացած ու ցրված է ամեն կողմ։

Այդ փայփայող ալիքը, այդ կորստաբեր՝ բայց անխուսափելի խարտոցը, մեր հասարակության մտավոր անկամը, ճաշակի ազնվացման և զարգացման հետզհետե նվազումը եղած է։