Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը ցածնար իր շուրջը։ Թատրոնը գրականությամբ կլլա, և հայ դերասանությունը միշտ զրկված անոր ձեռնտվութենեն, թարգմանություններով ապրող, հագված, շքված մուրացիկ մը եղած է ի մեզ, տեսակ մը Տոն Սեզար տը Պազան որ սըվոր լոդիկը կը հագնի ու նըվոր կոշիկը։

Գրողներ պակսած են միշտ հայ թատերաբեմին համար, ինչպես հանդիսատեսները պակսած էին արդեն անոր սրահեն և օթյակներեն։

Եվ վերջ ի վերջո այս թատրոնին ձևն ու տարազը, ֆրանսական բարբառը, «Այո, պարոն կոմս», «Ոչ, տիկին մարքիզուհի» խոսակցությունը հիմարական, խոլ, ցնցուն քրքիչ մը արձակել տված էր հազվագյուտ հանդիսականներուն, որոնք թատրոնեն մեկնելով՝ մեկ մըն ալ հոն չէին վերադարձած։


Դերասանները իրենք վերը մնացած չեն, երբ իրենց շուրջը ամեն բան վայրէջ շարժումի մը մեջ հետզհետե կը խոնարհեր։ Ո՛չ արվեստի սեր, ո՛չ գրականության գաղափար մնացած է այս մարդերուն մեջ։

Իզուր հիմա նոր սերունդ մը կելլե կը բուսնի իրենց քովիկը, գրականություն մը կը կազմվի իրենց քթին տակ, ամեն ոք ձայն կը բարձրացնե այս քնացող մարդերուն ականջին մեջ. այնքան թմրած են որ չեն արթննար, այնքան հուսահատ են որ չեն հավատար, այնքան խոնջած, անճրկած են որ նոր ոգևորություն մը, նոր ճիգ մը պիտի սպաննե զիրենք։

Եթե իրենց ձեռքեն առնեք Երկու Հիսնապետը կամ Փարիզի Աղքատները պիտի շփոթին։ Եթե ըսեք իրենց թե սովորական ձայնով թող խոսին թատերաբեմին վրա փոխանակ խոռոչային կամ կոկորդալիր ձայներ հանելու, պիտի չընդունին. եթե ըսեք որ հակառակորդի դերին համար երեսնին սևցնելու, ահարկու երևույթ մը առնելու հարկ չկա և կարելի է ամենեն պարկեշտ դեմքն ունենալ և ամենեն վատ չարագործն