Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՋ ԵՎ ՁԱԽ

(Քրոնիկ)

Օրերը կուգան կանցնին ամեն մեկը բերելով մեզի իր բաժինը ռամիկ ու հասարակ դեպքերու, որոնցմով կյանքը կը ձեվանա. կաթիլ մը արցունքով և քիչ մը ծիծաղով մարդկությունը՝ ամեն շաբթա գլուխ իր հաշվեհարդարությունը կը կատարե, զոր քրոնիկագիրը սնանկացած խաղամոլի հետաքրքրությամբ կարձանագրե աշխարհիս չորս կողմը։

Եվ երբեմն կը պատահի որ ոչ կաթիլ մը արցունք, ոչ իսկ պզտիկ ժպիտ մը կը գտնեք հրապարակին վրա. ոչի՛նչ, տափակութենե զատ, ուր իզուր աջ և ձախ կր պտտցնես հարթաչափ գործիքը, որուն ջուրե խողովակին մեջ՝ օդին պուտիկը տեղեն չերերար, աննշանությունը նշանակելու փորձ մը ըրած եք երբեք, և այս է հաճախ մեր մեջ քրոնիկագրին տաժանելի ճակատագիրը։

Հին ատենի հելլեն փիլիսոփա մը, զվարճախոս մարդ, կը պնդեր թե փողոց ելած ատեն որ կողմ երթալը կանգիտանար, ուրկե բանասերներն ոմանք հետևցուցին թե Դիոգինես իր ժամանակի քրոնիկը գրողն ըլլալու էր. և ուրկե ես կը հետևցնեմ թե խեղճ մարդը իր ատենին կաթողիկոսական պատվիրակն էր՝ էջմիածին երթալու պատրաստված։