Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեր պատգամավորները հետզհետե կը մեկնին, շալկած իրենց քվեները, խաշի պես սուրբ ու ծանր միանգամայն, եթե խղճահար և պարտաճանաչ են։ Պոլիսեն՝ ուսյալ եկեղեցական մը՝ Օրմանյան սրբազանը և համակրելի ու հարգելի վաճառական մը՝ Տիգրան էֆ. Կյումյուշկերտան, մայրաքաղաքիս հայոց կարծիքը կը տանին ի Վաղարշապատ։


Գլուխնիս դարձնենք Վաղարշապատեն. նայինք... ուր, գրականությա՞ն, ամուլ ու աղքատ, երկու աստիճանով շինված սանդուխ, որուն լրագրական չորս հոդվածով բարձունքը հասած կըլլաս՝ շուրջդ արհամարհանքով դիտելու համար, ուրկե անցյալի մարդիկ սև բիծերու պես միայն աչքիդ կերևան, քեզ որ ներկայի գրագետն ես, այնպես չէ՞։ Եվ հանկարծ այդ սև բիծերեն մին կը շարժի, կը խոսի։ Արդյոք իր երիտասարդության, իր դպրոցական կյանքի հիշատակնե՞րը պիտի բերե մեզի շահեկան անեքտոդներով լեցուն, ոչ. այլ հեգնող սրամտություն մը, բառ մը կը նետե որ, հստակ և որոշ, անհուն անջրպետեն կը հասնի քեզի, վառյա՜կ, քրքիչի մատնելով անհամեստներուն պարծուկ հնդկահավի ձևերը։


Համեստներեն մին ալ թողուց գնաց, ո՛չ հոն ուր նարնջենին կը ծաղկի, այլ հոն ուր դալարն անգամ չի ծաղկիր դեռ, վասնզի թարմ է հողը որ Սրապիոն Հեքիմյանը կը ծածկե։

Վենետիկցի մըն էր այս ալ, Պեշիկթաշլյանի, Թերզյանի, Աճեմյանի պես բանաստեղծ և միանգամայն թատերագիր. իր «Տաղք և Բանաստեղծությունը» ստվար գործը չեն գիտեր շատերը. ինքն ալ կարելի եղածին չափ քիչ շշուկ և աղմուկ ընել ուզած էր, ճիշտ հակառակը անոնց՝ որոնց ցուցամոլությունը հիմա կատարյալ ծանուցումի մը ձևերը կառնե։

Հետո մոռցված էր բոլորովին իր կենդանության մեջ. այս գրաբարագետը սրբապղծումի պես բան մը կը նկատեր իր