Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շուրջը եռացող պղպջացող նոր լեզուն, անկանոն, երբեմն աղեղ, շատ անգամ շնորհալի ու գռեհիկ, ու քաշված էր ասպարեզեն իր տոհմիկ գրագետի մեկուսացման մեջ պահվտած, շուկատ գրականության մը չի քսվելու երկյուղով։


Քանի որ համեստներու վրա է խոսքս, չեմ կրնար չհիշել հոյակապ անուն մը, զոր լսած ենք ամենքս ալ։

Տ. Հովհաննես Հյունքյարպեյենտյան դրացիս էր և փափագեր էր մեծ մարդոց հատուկ խոնարհամտությամբ մը տեսնել զիս անգամ մը. իր ալեհեր ու լայնարձակ ճակատը, որ մեծ իմացականության մը կենտրոնն է, կուրծքը ծածկող սպիտակ մորուքը, այն անունը, որուն տերն է ինք, զիս պատկառանքով կը լեցնեն, և սիրահոժար կը համբուրեմ ձեռքը այս պատվական ծերունիին, որ պատիվն է իր կարգին, իր ազգին և անոր գրականության։

Հմուտ հելլեն գրականության, որուն դասական հեղինակները ծանոթ են իրեն մերիններուն չափ, պարսկագետ ու լատինագետ, Հայր Հյունքյարպեյենտյան լեզվաբանական հսկա և ապերախտ աշխատության մը հեղինակն է հայ բառերու ծագման վրա։

Մեկ երկու հատվածներ, զորս կը հաճի ընթեռնուլ, հիացմամբ կը լեցնեն զիս իր ապշեցուցիչ հմտության, հիշողության վրա։ Այս մեծ բանասերին հետազոտությունները կուտան մեզի շատ մը հայ բառերու ստուգաբանությունը, շատ մը պատմական ու շահեկան ծանոթություններ, որոնք մեր հին գրականության վրա նոր լույս մը կը սփռեն։

Եվ ակամա այս աննման հմտության, այս խորին համեստության քով միտքս կուգա երեկի տղաքր, թոթովախոս դեռ և հավակնոտ այնքան, և չեմ կրնար արգիլել Ություճյանի բառը որ ահա նորեն գրչիս ծայրը կուգա.

— Վառյակնե՜ր։