Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ

ՊԱԿԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՄԵՋ

Ա.

Ասկից առաջ գանգատներ հայտնեցին ոմանք մեր դպրոցներուն մեջ ավանդված ուսման չափազանցությանը դեմ. ըսվեցավ որ մեծ ախորժակի տեր ստամոքսներ կը պատրաստեինք առանց հարկ եղած սնունդը մատակարարելու միջոցներն ալ ցույց տալու, ու գիտնական անոթիներու շատությունը սպառնալիք մը համարեցին մեզի, ուրիշներ՝ կարեկցության ձայն մը, ողբագին հառաչանք մը հանեցին նույնիսկ այդ տղոց ի նպաստ ու պոռացին որ անգործ ու անզբաղ թափառող աղոց զրկումներուն պատասխանատվությունը մեր դրպրոցներուն վրա կը ծանրանար, անոնց կրթական ծրագրին չափազանցությունն էր այս ամեն չարյաց պատճառը.

Le galeux d’ou venait tout le mal.

Գիտեք արդեն որ ծրագիրներն են ամեն բանի պատասխանատու, եթե ձմեռը սաստիկ ըլլա, կամ ամառը անձրևի պակասութենեն հունձքերը տառապին, եթե սով ըլլա կամ մահվան կոտորած, ծրագիրներն են որ կը դատապարտվին աշխարհիս ամեն կողմը, ու խնդիրը կը վերջանա։

Եվ որովհետև գտնվեր են մեր մեջ թաղային վարժարաններն ելլող քանի մը ապիկար պատանիներ որ կամքե, ձեռներեցության