Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոգիե զուրկ՝ թափառեր են հոս ու հոն, որ կանոնավոր կրթություն մը չունենալուն համար չեն կրցած օգտակար դառնալ ու գործ մը գտնել իրենց, անմիջապես այս ողորմելիներուն դժբախտության համարը մեր դպրոցական ծրագիրներեն կը պահանջվի։

Ինչո՞ւ Հոմերոս ու Միլտոն կարդացուցիք այս տղոց, ինչո՞ւ Արուսյակն ու Լուսնթագը ճանչցուցիք իրենց, ի՞նչ հարկ Պատմությունը սորվեցնել, մեծ մարդոց օրինակներով զբաղեցնելով՝ զիրենք համեստ քաղաքացիներ ըլլալու կարելիութենեն զրկեցիք։


Բ․

Եթե այս շրջանավարտ տղաք իրոք օգտված ըլլային դպրոցական դասերեն, երբեք պիտի չպտտցնեին փողոցներուն մեջ իրենց երիտասարդի անգործության ցավալի պատկերը, գիտությունն եթե հաց չի տար, գոնե պիտի զբաղեցներ զիրենք, ավելի ևս հառաջ մղեր ուսման շավիղին մեջ, և սակայն չենք ճանչնար մեկը որ առանց արհեստ մը ունենալու գիտությանը կամ դպրությանը մեջ անուն մը ստացած ըլլա։

Ո՞վ են ուրեմն անոնք որոնց վրա արգահատելով մեր դպրոցներու արդեն կարի խոնարհագույն վիճակը ավելի ևս ստորնացնելու գաղափարը կը ջատագովենք։

Եթե նույնիսկ անհատական դժբախտություններու, ասպարեզի պակասութենե հառաջ եկած գործադուլներու պատմությունը ստույգ ըլլար, ի՞նչ պիտի հետևեր ատկից։ Քաղաքակրթության գերագույն շահը հառաջադիմության մեջն է միայն, միտքերը պետք է ձգտին, այո՛, փրթելու չափ. այս է կյանքի պայքարը զոր մեր ձեռքը չէ ընդունիլ կամ չընդունին անհատի մը թշվառությունը, աղքատությունը ի հաշիվ չառնվիր հանրության շահերուն մեծ տումարին մեջ։ Եվ արդեն մարդս երջանիկ կամ դժբախտ, անոթի կամ կուշտ ըլլալու համար չէ որ կուգա աշխարհ, ապրիլր վախճան մը չէ ինքնին, ինչպես շատ լավ կըսե Ռեթեոս Պերպերյան, այլ միջոց մը մարդուս համար իր կոչման ծառայելու։