Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անոնք որ անասունի կյանք մը կը սահմանեն մեր պատանիներուն, փոր կշտացնելով շինված կյանք մը, Մոլիեռի հռչակավոր խոսքը միտքերնիս կը բերեն հեղաշրջված — իրենց վարդապետությանը համաձայն,

II tout vivre pour manger
Et non pas manger pour vivre.


Գ.

Մենք ընդհակառակը կը կարծենք որ մեր դպրոցներուն մեջ ավանդված կրթությունը շատ ռամիկ, շատ տարրական է։

Եվրոպական ազգերու ամենօրյա հառաջադիմությանց արձագանքն անգամ չի հասնիր մեզի, ուսման և ոչ մեկ ճյուղի համար մասնագետ ուսուցիչներ ունինք. մաթեմաթիքի վարպետ մը ի վաղուց անտի պակսած է մեզի, նույնպես չենք ունեցած ուսուցիչ մը բնական գիտությանը համար, բայց ի՞նչ հարկ թվումն մասանց մը ընել հոս մի առ մի ըսելու համար թե՝ ոչ պատմության, ոչ աշխարհագրության, ոչ լեզուներու, ոչ իմաստասիրության համար կարող դասախոսներ ունեցած չենք երբեք։

Եվ ի՞նչպես կուզեք որ ունենանք, ո՞վ բարձրագույն ուսում առած է մեր մեջ արհեստ ի տեղ գործածելն տարբեր նպատակով։ Անոնք իսկ որ գիտության մեկ ճյուղը սորվելու համար գացած են Եվրոպա, միշտ արհեստական անձուկ սահմանին մեջ ամփոփված են։

Տաճկահայ եկեղեցականներուն մեջ, բացի մեկեն կարծենք, չենք ճանչնար Եվրոպայի համալսարաններու մեջ ուսում առածներ. և սակայն տեսեք հույները, օրինակ առնելու համար գոնե, որոնց մեջ տասնյակներով կը համրվին Գերմանիո համալսարաններեն վկայալ եկեղեցականներ։

Գլխավոր բանը որ կը պակսի մեզի, մեր հետամնացության աստիճանին վրա ճշմարիտ գիտակցությունն է։

Գիտությունը իր անվերջ ճյուղավորումներուն մեչ հետզհետե այն վիճակին հասնելու վրա է որ քիչ ատենեն նոր անուններն իսկ հասկնալու կարող պիտի չըլլանք։