Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆՈՐ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Երբ դիպվածով կը կարդամ հին օրերն մնացած տգետ խմբագրապետի մը բարբանջանքը ի գիր առնված, արգահատանքով կը լեցվի սիրտս, ո՛չ, հեք մարդը զինքը շրջապատող նոր միջավայրին գիտակցությունը չունի, գիտության բոցովը այրած մոխիր դարձած նախապաշարումներու, անհեթեթ կարծիքներու ավերակին մեջ՝ վտիտ ու սևցած ծխնելույզի մը պես կանգուն է. շատ բան կը փոխվի, կը քանդվի, կը վերաշինվի իր շուրջը, ինքը մինակ կը մնա պինդ ու ամուր կապված վաղեմի գաղափարներուն, որոց տեղ նորեր, օգտակարագույններ դնելե իսպառ հուսահատ է։

Ծերացած դերասանն է որ՝ երեսին խորշոմներուն չնայելով՝ իր սիրահարի առջի դերը շարունակել կը փորձե թատերաբեմին վրա, ծռմռկելով ճմրթկած դեմքը ու դողդոջուն բազուկները երերցնելով օդին մեջ, չըմբռնելով այս այլանդակ ձևերուն առջև անտարբեր մնացող հանդիսատեսներուն լայնաբաց բերնի հորանջումները։

Հին գուսանն է, որուն երբեք չես կրնար հասկցնել որ իր խժալուր խռպոտ ձայնը, արվեստե ու ներդաշնակութենե զուրկ եղանակները մտիկ ընող չէ մնացեր, և իզուր նրբանցքին մեջ կեցած կը քաշես փեշեն՝ բարեկամի պարտքդ կատարելով։