Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պոլսո նոր լրագրությունը Արևելքով կսկսի. ավելի շատ իմաստասիրություն հանրային խնդիրներու, ավելի մոտ տեղեկություն եվրոպական ազգերուն վրա, անհատական գձուձ խնդիրներն ու վեճերը՝ տեղի տալով ընդհանուր տեսություններու. հայ լեզուն, այս կամ այն խմբագրապետի գծած անձուկ սահմանները կոխոտելով, վերստացած իր ժողովրդյան բարբառի անկախությունը, խմբագրությունը՝ դադրելով արհեստ մը լինելն, արվեստ դառնալու համար, գրական նոր սեռեր՝ գրական նոր մարդերու ձեռքով, ամենքը միևնույն անփոփոխ նպատակին կապված, հասարակության պետքերուն ըմբռնումը։ Ահավասիկ նոր լրագրությունը։

Արևելքը կազմող ուժերը մասամբ այսօր անջատված են առանց շեղելու իրենց նպատակեն, Հայրենիքի, Մասիսի մեջ շարունակելու միասին սկսված վաստակը, և իրարու մոտ բայց ոչ իրարու դեմ հանելով իրենց պեսպիսությունը, զատ թերթի մեջ ու ինքնագլուխ մնալնուն համար լավ ևս ճանչնալով հանբային խնդիրներու հոգածության պետքը, և օր օրի այլափոխվող գիտությանը ու գրականության հետամտելու, ճշմարտությունը ամենուրեք փնտրելու հարկը։


Երիտասարդությունը իր հմտությունը, իր ոգևորությունը բերավ մեր լրագրության, իր գաղափարները վաղուց ի վեր ընդունված, հռչակված ճշմարտություններ էին Եվրոպայի մեջ. հոս՝ գայթակղություն կը բերեին մեր հասարակության, հին թերթերը, հազիվ մեկ երկու բացառություններով, ա՜յնքան քիչ հետամուտ եղած էին իրենց ժամանակին հետ քալելու, այնքան տգետ ու անտարբեր գտնված էին քթերնուն տակ եղող ընկերական խնդիրներուն, ամեն բարվոքումներու, ամեն հառաջդիմությանց։ Նորերով՝ լրագրական արժանապատվության զգացումը խստությամբ հայտնված ու պահված է միշտ, մուրացկանությունը դադրած է էջեր գրավելե թերթերու մեջ. նորերեն