Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խայտառակութենե մը զերծ մնալ, այլ անոր համար միայն որ տգետ մը, իրենց պես, փողոցեն անցած ատեն այսպես փսփսացեր է իրենց ականջն ի վար։


Ու գրականության մեջ մանավանդ նոր լրագրությունը իր մեծ բաժինը բերավ, հեղաշրջելով առջի կարգն ու կանոնը, ընկալյալ ձևերը, հին քերականներու հաստատատիպ ոճն ու տարազը, որդնակեր արմատներն այդ խարխուլ ծառին որ իր հյութը չէր առներ Ժողովուրդին սրտեն, այն միայն որ կուտա առողջ հյութն ու անթառամ բողբոջումը։

Գրականությունը, նոր լրագրության համար, պարտի ըլլալ այն անխարդախ հայելին, որուն մեջ հասարակության բարքը կը ցոլանա, մութ սենեկի մը մեջ պահված ապակին, որուն վրա անոր կյանքին հարազատ լուսանկարը կը գծագրվի հետզհետե վայրկենական պատկերներու անհատնում շարք մը ձևացնելով, ուր անոր հարափոփոխ դեմքին ամեն կծկումները մատնանիշ կըլլան, կը վերլուծվին։ Հետաքրքիրներու համար շահեկան է այդ Albumը թղթատել, քովե քով տեսնեք տարիներու շրջանի մեջ միևնույն հասարակության փոփոխվող դիմագծերը. սաղմ, երեխա, մանուկ, տղա, պատանի, երիտասարդ, չափահաս կամ ծերունի մարդու դեմքեր, միևնույն անձին անընդհատ կերպարանափոխությունը նյութի ու բարոյականի զուգահեռական աշխարհներուն մեջ, Սկիզբը ու Վերջը մոտեցած իրարու, երկու հավիտենական անհաշտելիները բարեկամացած, ընտանեցած, ձեռք ձեռքի։


Անոնք որ խորհրդածել կը սիրեն, հոժարակամ կը պտտցնեն իրենց ակնարկը մեկ ծայրեն մինչև մյուս ծայրը, ամբողջությունը անխտիր ընդունելով, բան մը չձգելով իրենց լայն ներողամիտ տեսության շրջանակեն դուրս, չեն մերժեր տգեղը ու չարը իբրև իրենց հատուկ գոյության պատճառ ունեցող