Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վկայություններովը լեցուց սրահը տախտակամածեն մինչև ձեղունը, դուռեն մինչև պատուհանները։

Անդրիագործին պես որ կավի զանգված մը կառնե ու կսկսի անոր վրա աշխատիլ, նախ գիծերը, չափերը, հետո մանրամասնությունները ճշտելով կարգավ, Ռեթեոս Պերպերյան միևնույն բանը կընե օրակարգի մեն մի խնդիրներուն համար, իր պաշտոնակիցներեն շատ շատ կը պահանջե որ մին կավը բերե իրեն և մյուսը ջուրը։

Եվ սակայն ինքն է որ Ուսուցչական Ժողովը գումարած է այստեղ և ինքն է որ պետք չի թողուք ոևէ համախումբ գործակցության. և ասով կը նմանի այն պատկերազարդ հանդեսներու հրատարակիչներուն, որոնք իրենք կառաջարկեն հանելուկը, մեծ պարգև մը խոստանալով, և իրենք կը լուծեն զայն վերջ ի վերջո


Ուսուցչական Ժոզովին, կամ ավելի ճիշտ բացատրություն մը գործածելով, Ռեթեոս Պերպերյանի առաջարկած նախակրթությունը հայ տղոց համար, եվրոպական նախակրթության հար և նմանն ըլլալուն, այս պարզ ու դյուրին եզրակացության գալու համար ամբողջ ուսուցչական մարմինը հավաքելու պետքը չեմ ըմբռներ։

Նույնպես չեմ հասկնար, ընդհանուր տեսակետով, դաստիարակության սահմանը գծելու համար եղած ջանքերը. արդյոք Ուսուցչական Ժողովք հա՜յ տղոց թե տիեզերական տղուն կրթության վրա խորհրդակցելու համար գումարված էր։

Կենթադրվեր սակայն թե խնդիրը մեր հասարակության կրոնական, ցեղային ու աշխարհագրական դիրքին, տնտեսական ու իմացական վիճակեն պատշաճեցնելու վրա էր ընդհանուր դաստիարակության մը արդեն ծանոթ պայմանները։ Հո՛ս է որ մեր ուսուցիչները իրենց բաժինը պիտի բերեին և հոս էր որ Ռեթեոս Պերպերյանը ունկնդրելոա պատրաստված էինք։