Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տարակույս չկա որ Զենտ Ավեստայեն սկսելով մինչև Սփենսըր, դաստիարակության նպատակին ու սահմանին վրա ըսված ու չըսված խոսքերն իրենց օգուտը ունին, բայց Ուսուցչական ժողովեն սպասվածը բոլորովին տարբեր բան մըն էր:

Առաջին խնդիրը, որ ամեն ժողովականի մտքին ըստ բավականի որոշ նշանակություն մը չուներ, նույն իսկ Նախակրթություն բառն էր։ Ամենքը տարբեր առումներով գործածեցին զայն և կապշիմ իրենց վերջնական համաձայնությանը վրա. համոզմա՞ն արդյունք թե Ուսուցչական ժողովին նիստերեն մեկն ալ փակելու փափագ։

Եվ իրոք, նախակրթությունը պոլսեցի տղուն միևնույն բանը չէ վանցի տղուն կամ մայրենի լեզուն խոսելու անկարող սղերդցի տղուն համար։

Չեմ հասկնար միօրինակ հագուստ մը որ ամենուն պատշաճեցնել ուզվի, մուճակ մը որուն մեջ ամենուն ոտքը սղմելու դատապարտված ըլլա։


Իմ առաջարկությունս, եթե երբեք առաջարկություն մը ունենայի Ուսուցչական Ժողոմին, նախակրթություն մը պիտի ըլլար որ տեղական պետքերը ի նկատի առներ միշտ և հետեվաբար տարբերեր ամենուրեք։

Մեր հասարակությունը պիտի բաժնեի նախ իրենց բնակած վիլայեթներու համեմատ, իրենց անհրաժեշտ պակասը լեցնելու և բնական ընդունակությունները զարգացնելու ձևով և տեղական ուսումնասիրութենե մը վերջը, ասոնց ամեն մեկուն նախակրթությունը պիտի սահմանեի։

Բարոյական կրթության համար պիտի փնտրեի մտքովս թե որո՜նք են այն հատկությունները որ կը պակսին մեզի և այն պակասությունները որոնցմով վարակված ենք․ և ասոնք դարմանելու հատուկ պիտի ըլլար իմ տալիք բարոյական մարդու դասերս, որ ձևով որ ավանդվեին։

Հոս՝ հաստատամտություն կը պակսի, հոն՝ արժանապատվության