Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զգացում, այստեղ համեստությունը բացակա է, այդտեղ պարկեշտությունը, ահա ասոնց դեմ պիտի ուղղվեր բարոյական կրթությունն ամեն բանե առաջ։


Միևնույն բանը պիտի ընեի կրթության մյուս մասերուն համար։

Ծովեզերյա ու վաճառական քաղաքի մը մեջ ֆրանսերենը պարտավորիչ պիտի ընեի առանց վարանելու, բայց լեոներու մեջ թաղված գյուղին պիտի խնայեի զայն։

Գիտությունները միևնույն նպատակով պիտի սահմանեի, և զանոնք պիտի ավանդեի աչքի առջև ունենալով սա էական գաղափարը որ այդ դասերը, ըստ կարելվույն մոտիկ ժամանակի մը մեջ, դպրոցական շրջանը ավարտելուն պես, գործնական օգուտ մը ընծա չեն աշակերտին։

Ուստի այն ամեն քաղաքներու մեջ, ուր տեղական արհեստներ կան, իմ գիտական ծրագիրս պիտի ձգտի դեպի այդ արհեստներու կիրառումներուն, անմիջապես օգտակար ըլլալու ձևին։

Եվ այն տեղերը ուր երկրագործությունը կիշխե, իմ գիտական ծրագիրս բոլորովին տարբեր բաներ պիտի ավանդե աշակերտին, գլխավորապես սորվեցնելով անոր՝ իր հողեն օգտվելու միջոցները։

Գյուղերու մեջ իմ ավանդելիք թվաբանությունս ամբողջ թիվերու ու տասնորդական կոտորակի չորս գործո՛ղությունները պիտի պարունակեր միայն, և երկրաչափական գիտելիքները անդաչափական ու տեղագրական գործնական սկզբունքներեն ու կանոններեն անդին պիտի չերթային։

Քաղաքներուն մեջ երկու դասարաններ պիտի ավելցնեի դպրոցական շրջանին վրա, տեղական արհեստները ավանդելու համար գիտական սկզբունքներու համեմատ։

Մայրենի լեզուն, միշտ առաջին տեղը գրավելով հանդերձ, ավելի երկար ժամանակ և ավելի հոգածությամբ պիտի դասախոսեի հոն՝ ուր հայերենը մոռցված է։