Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օրվան կը պատրաստվի, ուրախ դեմքով դիմագրավելով թախտին ձախորդությանը։

Հետո, երգը այն միակ բանն է որ մարդերը կը մոտեցնե ու կը միացնե իրարու, աղոթքին պես ու արցունքին պես, որոնք երգեր են անշուշտ, երգերուն գերագույնները։

Ու անկից վերսկսելով, շարունակելով ճամփան որ վերջ չունի, որ ծայր չունի, այս անդուլ ուղևորությունը կյանքին նվազ դժնդակ ու ավելի տանելի բան մը կըլլա ա՛լ։


Խոժոռ ճակատներու, մռայլամած դեմքերու, հաստ ու թավ ձայներու լրջությունը՝ ճշմարիտ լրջությունը չէ։

Պարզ ու վճիտ ձայն մը, խնդուն երես մը միշտ ավելի հասկնալի, հետևապես ավելի օգտակար է. իր զվարթ երևույթն իսկ օգուտ մըն է ինքնին։

Ուրախությունը հիմա այն կաթն է ուսկից շատ կանուխ կը կտրվի մարդկությունը՝ իր առօրյա հոգերովն ու մտմտուքներովը, և երգն է միայն որ մանկության, անմեղության պատրանքը կուտա մեզի, որքան ալ վաղանցուկ ըլլա այդ պատրանքը։

Եվ որքան պետք ունինք վերադառնալու հոն ուսկից ուղի ինկած ենք. ի՜նչ խրատներով ու խորհուրդներով լեցուն պետք է ըլլա մեզի համար այն ճամփան որուն շուրջը նայելու ատեն ունեցած չենք մեր արշավասույր ընթացքին մեջ, և ամեն բանի վրա սխալ գաղափարով ու սխալ համոզումով եկած հասած ենք հոս, այն կառախումբը մեծ վազքովը ճամփորդող ուղևորներուն պես որոնց վրա հեռագրի ցիցերը՝ շարունակվող պատի տպավորությունը կը թողուն։


Երգը անհրաժեշտ ավելորդն է. ոչ այն ավելորդներեն մին զոր հափրացած քաղաքակրթությունը նորե նոր կստեղծեք այլ այն զոր բնությունը տված է մեզի իր անհեղլի օրենքներով,