Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկու նվագի մեջ ամփոփելով մեր կյանքին երկու ծայրերը, — նորածինի մը լացը ու հոգեվարին հռնդյունը։


Մեր ժողովուրդը արևելքցի բանաստեղծ ժողովուրդներուն պես սիրած է երգը միշտ, գավառները, գյուղերը ամեն տեղ, երգը ամենուն բերանն է. մշակր անով կը հերկե իր արտը, հովիվը անով կարածե իր ոչխարները, անով կը տոնեն նորածինին գալուստը և հարսին նարոտը անով կը կապեն։

Հոս, այս մեծ ոստանին մեջ է որ, սխալ ըմբռնված ծանրության մը հետամտելով, երգելու սովորությունը ծիծաղելի կամ ամոթալի բանի մը պես վերնալու վրա է հայոց մեջ քիչ քիչ։ Մեր տղաքը, պատանիները, կորաքամակ ծերուկներու պես ծալապատիկ նստած, խոսելով կանցընեն ատեննին։ Ժպիտ չկա երեսնին, տղա երևնալու վախով։

Այս պատանությունը, որ թվականի սխալ մը ըլլալու կը միտի, թող վերադառնա ուրախության, զվարթության կանոններուն որոնք իր տարիքին կանոններն են, գրեթե պարտականությունները։