Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԻԿԻՆ ՍԻՐԱՆՈՒՅՇ

Ան հաղթանակներեն վերջը որով պսակված է իր վերջին ուղևորությունը ի Կովկաս, Տիկին Սիրանույշ առաջին անգամն է որ, մեր մեջ, պիտի երևնա նորեն հայ թատերաբեմին վրա։

Մեծ է հետաքրքրությունը. Մարկրիթ Կոթիեի դերը՝ այն շինված պատրաստ շրջազգեստներուն չնմանիր զոր ամեն ոք կրնա հագնիլ, այլ շղարշի կտոր մըն է նուրբ, հողմածուփ բան մը, որուն մեջ փաթթվողին կիյնա իր ճաշակը, իր շնորհը ցույց տայ և այդ անհարդար թյուլի պատառով արդուզարդ մը շինել, որուն բարեձևությունը՝ թափանցկությանը մտածելու ատեն չձգե։

Երբ Տիկին Սիրանույշ այսքան դժվարին ու այսքան հրապուրիչ դերով մը ի հանդես կուգա, արդեն ապացույցը տված կըլլա թե, ամեն մեծ դերասանուհիներու պես, կըմբռնե թե Թատրոնին կոչումը կյանքի ու սրտի զարտուղությունները բացատրելու մեջ է և ոչ թե անօրինակ, անլուր, անհավատալի ոճիրներով, արկածներով, հանդիպումներով՝ հասարակությունը զբոսցնելու մեջ։