Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աշխարհագիրներ կան որոնք ցամաքով կզբաղին միշտ ուրիշներ՝ որոնք ծովերը կը չափեն միայն, խորությունները կը պրպտեն, անդունդներու մեջ կը սուզին և հոն՝ նոր մակերես վույթներ կը գտնեն։ Տյումա՝ այդ ծովաչափներուն պետն է, եթե իրավ է որ ամենեն խոր ծովը աշխարհիս մեջ՝ կանացի սիրտն է ամեն ատեն։

Ռամիկը անհատակ կը կարծե զայն, անվերջ անդադար վայրէջք՝ որ ծայր ու հանգ չունի, և կը զարմանա որ ուրիշներ ահա անոր հատակը կը ճշտեն, թnւղթի վրա կը գծեն գրեթե, ճիշտ աշխարհացույց քարտեսի պես, ու ցույց կուտան հոն անակնկալ վերելքներ ալ որք մեզի անտես ու անծանոթ սարեր կը կազմեն մութին մեջ։

Քամելիազարդ տիկինը այդ անակնկալ բարձրացումներուն մեկն է։

Մարկրիթ Կոթիե այն կիներեն է որոնք կյանքեն՝ հաճույքը կը ճանչնան միայն ու անով կավանդեն հոգինին, Օֆելիային պես որ ծաղիկներ քաղելով մեռնելու գաղտնիքը գտած էր։ Մարկրիթ՝ այն շատ երջանիկ կամ շատ դժբախտ արարածներեն է որոնց համար կյանքը՝ միակտուր ու միակողմանի է, բովանդակ զվարճություն՝ առանց զուգակշիռ մը ունենալու ոևէ պարտականության գաղափարի մեջ։

Եվ օրին մեկը իր սիրած մեկ երիտասարդին հայրը կու գա աղերսել իրեն, ալևոր ու պարկեշտ մարդ մը՝ անձնամատույց կնոջ մը ոտքը, իր զավակը վերստանալու համար աղաչելով.

— Ձգե իմ տղաս։

Այդ երիտասարդը իր մեկ հատիկ սիրածն է հազարներու մեջ որոց վրա կը ծիծաղեր. և հիմա անուշ խոսք մը, հոր մը աղերսը կը բավե համոզելու համար զինքը, — ախտավարակ ու զվարճասեր ցոփուհին, — հրաժարելու իր սերեն, հեծկլտալով սրտին խորեն, բայց առանց տկարանալու իր զոհողության մեջ։

Երբ ամեն ոք իր շահը ու օգուտը կը պահպանե ի հարկին ուրիշները ոտնակոխ ընելով, ո՜րքան անակնկալ անձնազոհություն