Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տրվելուն համար ու տրամադիր Ֆասուլյաճյանի խումբր քաջալերելու, մանավանդ եթե հարկ եղած նոր տարրերը ավելցնե վրան։

Մամուլը իր ներկայացուցիչները ունի հոն, ուշադիր, խստապահանջ, ինչ որ իրենց իրավունքեն ավելի պարտականություննին է։

Զանգակը կը հնչե ներսեն. երաժշտությունը կը դադրի, ահա առաջին արարվածը։

Ամբողջ հայտնություն մըն է մեզի համար Երևակայական հիվանդին ներկայացումը։ Չսպասածնիս կը գտնենք հոն. միգուցե սպասածնիս ալ չգտնենք։ Ֆասուլյաճյան կատարյալ Առկան մըն է, երբեմն չափազանցության տարված ձևերով, այս չափազանցությունը պիտի գտնենք իր խմբին բոլոր մյուս ընկերներուն վրա ալ. բայց Մոլիեռի այս գործը կատակերգութենե (քոմետի) մը ավելի զավեշտ (ֆառս) մըն է։ Հեղինակին նպատակը՝ ծաղրելին մատնանիշ ընել է և ասոր համար ինքն իսկ ծայրահեղության տարած է իր ի տես հանած անձերուն նկարագիրները։ Դերասանները գիտակցաբար կամ անգիտակցաբար անոր գաղափարին ճշմարիտ թարգմանը կը ներկայանան մեր աչքին։

Ֆասուլյաճյանի արտասանությունը մաքուր է միշտ և այն պզտիկ վարանումը՝ խոսած պահուն՝ որ հիշողության պակասութենե մը հառաջ գալ կը թվի, դերասանին ճարտարությամբը անզգալի կը դառնա։ Շեշտը՝ բնական է և դեմքին արտահայտությամբը անհավասարելի է այս դերասանապետը։

Առաջին տեսարանի դիմառնությունը, երկրորդ արարվածին երկու Տիաֆոռյուսներուն մեջ իր կեցվածքը, տոքթոր Թյուռկոնի առջև շանթահարումը, հետո մեռելի ձևացումը, ամեն կերպով կատարյալ էին։

Իսկ պարտավոր ենք ճանչնալ թե Տյուվալի հոր դերին մեջ պ․ Ֆասուլյաճյան տկարացավ. առաջին ու գլխավոր պակասությունը իր դերը լավ չգիանալն էր. հուշարարի оգնության ապավինողները երբեք հաջողություն ակնկալելու չեն բեմի վրա. վարանում մը, թոթովում մը, սխալ արտաասնություն մը,