Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեկ բառով խոսվածքի ամենեն փոքրիկ թերացումը դերասանին բոլոր արվեստը կը ջնջե ու կսպանե։

Տյուվալի հոր արտասանած բառերը դանդաղ, մին մյուսին սպասելով շարունակ, հուշարարին հատուկտոր փոխանդամին պես, այս բոլորը իրեն պես մեծ դերասանե մը սպասվածը չէր, և դերասանը վայրկյանը վայրկենին քաղելով իր բառերը, անկարող եղավ կյանք կամ ոգևորություն դնելու անոնց մեջ։

Երևակայական Հիվանւդին մեջ ամենամեծ հաջողությունը ունեցավ օրիորդ քնար Թուանեթի դերով, այս էր հայտնությունը որ զմեզ գրավեց ու հիացուց գրեթե։

Երբեք երես ասած աղախինի դերը այսքան բնական, այսքան անքննադատելի ճարտարությամբ երևան հանված չէր․ իր ձևերը, իր տերը չսեպող սպասավորի մը հանգամանքը, ասկե ավելի առաջ չէին կրնար տարվիլ։

Մոլիեռի կատակերգության մեջ առաջին մրցանակը իրեն տվավ հասարակությունը և չսխալեցավ։ Օրիորդ Հնարի արվեստը գոված ատեննիս կը հիշեցնենք որ իր հաղթանակին մեկ մեծ մասը՝ պարտավոր է իր դերը լավ սորված ըլլալուն։ Թուանեթ՝ երեք արարվածներուն մեջ երբեք կարոտ չեղավ հուշարարին։

Օրիորդ Քնար իր այս դերին մեջ ճշմարիտ դերասանուհիի մը արժանիքին ապացույցը տվավ, իր գործը զգացման գործ չէր, այլ մտքի նրբության, և նույնիսկ եվրոպական թատերաբեմի մը պատիվ կրնար բերել իր շաբաթ գիշերի դերին մեջ։

Անկե վերջը երկու Տիաֆորյուսները պ. պ. Չոպանյան և Արշակ նույնպես արժանի կը գտնենք ամեն գովեստի, դիմաշարժության մեջ ամեն կերպով հաջողություն ցույց տվին․ հայրը գլխի շարժումներով ընկերանալով տղուն ճառերուն, օգնության հ ասնելով անոր, իր հոգածությունը ճշմարիտ կերպով պատկերացուց, իսկ որդին իր ծաղրելի ու ապուշ գիտնականի ձևերուն, հետո բռնկած բայց վեհերոտ սիրահարի շփոթությանը մեջ կատարյալ եղավ ու հասարակությունը երկուքին ալ հայտնեց իր գոհունակությունը բուռն ծափահարություններով։