Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայող էր նաև պ. Վ. Քյուբեճյան իր սպառնալից գուշակություններուն մեջ, թեև իր քալվածքը ու շարժումը ավելի հին ատենի վրեժխնդիր արարածի մը վայելուչ են։

Քլեանդի դերին մեջ պ. Գալֆայան անուշ ձայնե մը զատ բան մը չհասկցուց. բեմի համար պետք եղած քաջությունր չուներ. իր սիրահարի ձևերը ավելի զարմացած մարդու մը կերպարանքին կը նմանեին քան թե ձեռներեց ու սատանորդի երիտասարդի մը որպես պետք է Քլեանդ։ Իսկ օրիորդ Քլեր (Անժելիք), — չենք դիտեր թե հայ անուններու պակասութենեն արդյոք այս օտար անունին դիմած է դերասանուհին, — իր գեղեցիկ երևույթեն զատ ոչինչ ունի հիշատակության արժանի, բեմին վրա միշտ շփոթած աղջիկ մըն է որ մինչև երրորդ արարվածին վերջը ինքզինքը չկրնար գտնել։

Պ. Վարդազարյան պարզապես քնացուցիչ դեղի մը ազդեցությունը ըրավ իր կցկտուր երկարաբանություններովը։ Այն ալ իր դերը չգիտցողներեն մեկն էր։

Տիկին Պերճուհի (Պելին) գոհացուցիչ է և ավելի գոհացուցիչ պիտի ըլլար եթե այս ալ իր դերը լավ չգիանալու ախտեն չտառապեր, վասնզի իր շարժումները պատշաճ են ու բավական իր երկրորդական դերին։

Իսկ նոտարը պ. Շալճյան լավ կընե եթե ուրիշ անգամ ավելի պատրաստությամբ երևան գա, վասնզի պարզապես ողորմելի էր իր անհատնում կմկմանքին մեջ։

Ու այս ամենը գոհության նոթով մը փակելու համար հիշենք փոքրիկ Ազնիվը Լուիի դերին մեջ որ առանց կեղծիքի փոքրիկ տղու ճշմարիտ տպավորությունը հառաջ բերավ։

Մեկ բառով պ. Ֆասուլյաճյանի խումբը հաջողեցավ Մոլիեռի զավեշտին մեջ. այս նոր պատրաստված դերասանուհիներն ալ դերասանները ցույց տվին որ լավ մարզիչի թով աշխատած են ու բնական պետք եղած տրամադրությունը ունին. իրենց կը մնա աշխատիլ ու հառաջանալ. հիներեն շատեր կը ճանչնանք որ իրենց չափ արժեք չունին. բայց պետք չէ մոռնալ, խղճի մտոք աշխատության գործ է դերասանությունն։ Եթե կուզեն փայլիլ հոն և ձեռք բերել նախանձելի անուն մը։