Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քամելիազարդ Տիկնոջ երրորդ արարվածով հանդիսականներուն թուլացած ուշադրությանը վերստին կամփոփվի կը հոծանա. ամեն ոք գիտե որ այս երեկույթին մեծագույն ձգողությունը Տիկին Սիրանույշի վերերևումն է ու անոր կսպասե անհամբեր. տասնհինգ երկար տարիներն ի վեր առաջին անգամն է որ հայերեն լեզվով թատրերգության մեջ կերևա ահա։

Տիկին Սիրանույշի մուտքը ահագին ծափահարությամբ մը կողջունվի, իր քալվածքն իսկ տարբերություն մը ունի ուրիշ քալվածքներեն, թույլ ու շնորհալի բան մը զոր չեմ կրնար ճշտել. իր շարժումները չեն շռայլվիր ու հատուկ շնորհ մը ունին միշտ, իր ձայնը արծաթի հնչյունը ունի, թրթռալով սրտերուն մեջ։ Ամենքը լուռ իրեն կունկնդրեն ահա. ահա մեծ դերասանուհին ինքը, այնպես ինչպես ըսած էին մեզի թիֆլիսցիք․ իր արվեստը օրինակած բան մը չունի, ամեն բան իրեն հատուկ է։ Եթե սկիզբները այնքան մեծ չէ իր ազդեցությունը, պատճառը քիչ մը այն է որ իր մարմնոյն մեծակառույց շենքը կը հերքե քիչ մը հյուծախտավոր հիվանդի դերը, ու երբ դերասանուհին կըսե թե հազիվ քիչ մը ատեն ունի ապրելու աշխարհիս վրա, ոչ ոք կը հավատա իրեն, այնքան առողջ կը գտնե զինքը։

Բայց հետո արվեստը իր ներգործությունը կընե, ամենքն անձնատուր կըլլան։ «Թե որ բաժնվիմ անկե, ես իսկապես կը մեռնիմ»։ Այս կտորին մեջ այնքան սիրտ ու արցունք կը դնե դերասանուհին որ ամենքը միևնույն դողով կը համակվին. ո՛չ, ալ ուշադրություն չենք դարձներ ռուսահայ ասացվածքներուն որ կը սպրդին հոս ու հոն, «կը լինին». Տասում են», և այլն։ Նամակը գրելու տեսարանին մեջ իր սրտի դժկամակությունը, ներքին պայքարը լավ բացատրեց անշուշտ, բայց կը կարծենք որ այս կտորը պետք է ավելի համր ու ծանր ըլլար նամակագրությունը ավելի վարանում, ամեն մեկ բառը ավելի շատ խորհրդածություն կը պահանջեր, այդ պահուն իր ձեռքի հուսահատ գալարումները իսկապես ծովասույզ անձի մը ջանքին կը նմանեին։ Ու հասարակությունը շունչը զսպած, չընդմիջելու,