Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՏՐՈՆ

Ո՞վ ըսավ որ զբոսատեղի մըն է Թատրոնը։ Ո՞վ ըսավ որ պարի կամ թղթախաղի տեղը բռնելու պետք է ծառայե ատեն ատեն, պարզապես զանազանություն մը հառաջ բերելու համար։

Այնքան հաճախ գրված է թե դպրոց մըն է Թատրոնը որ այս բանաձևը պիտի չկրկնեմ, իմ աչքիս, տպագրության նշաններու մեջ տեսնված մատնացույց ձեռքի այն նշանն է որ ընթերցողին մասնավոր ուշադրությունը կը հրավիրե հաջորդ հատվածին վրա։

Կյանքի անկայուն ու հեղհեղուկ երևույթները՝ աչքի առջև իրենց հարատև ներկայությամբը՝ հասարակ ու անկարևոր կը դառնան գրքի մը շարունակվող ու լեցուն էջերուն պես, և թատրոնն է որ կենալու նշանը կու տա, հատուկ ուշադրությամբ դիտելու հարկը կզգացնե աս կամ ան տիպարը որուն փողոցը հանդիպած ենք շատ հեղ առանց գլուխնիս դարձնելու։

Եվ այդ պատկերին առջև խորհրդածելու պարտավորած հարկ չի՞ ըլլար դառնալ մեր անձին վրա, մեր սրտին վրա իբրև թե անոնք ալ մատնանիշ եղած ըլլային, և թատերաբեմին վրա ի տես բերված անձին մոտեն կամ հեռուեն ունեցած մեր առնչությունը