Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որոշել, երբեմն կատարյալ մեր նմանությունը խոստովանիլ։


Այս ըմբռնումով, թատրոնի բարոյացուցիչ հանգամանքին բարձրությանը ոչ մեկ արվեստ կրնա հավասարիլ։ Բուն իսկ կյանքն է ան. ապրվածը, իրականը և ոչ թե գրված, երգված կամ նկարված կյանքը։ Հոգեբանական կրկներևույթն է. հարազատ երկվորյակներուն վրա իմաստասերը կամ բարոյախոսը իր ամեն փորձերը կրնա կատարել, ամեն միքրոպները սնուցանել, հետևությունները երևան հանել, տեսակ մը Փասթյորյան աշխատանոց որուն մեջ ուսումնասիրություններն ու զննությունները կըլլան ոչ թե բնախոսական տեսակետով նմանօրինակ արարածի մը, այլ նույնիսկ մարդ էակին վրա։ Եվ հոն, հասարակությունը, փոխանակ դրան ծակեն նայելով ներս, ներկա է անձամբ, իր աչքով կը հետևի տեսարանին հառաջ բերած ախտաբանական երևույթներուն, վախճանին ու դարմանի միջոցներուն։


Իսկ այն հասարակություններուն համար ուր որ ընթերցանությունը տարածված չէ կամ գրեթե կը պակսի, թատրոնը անհրաժեշտ պետք մըն է հոն։ Հիմա, մարդկությունը՝ ամենեն շատ, տաղտուկե կը տառապի, հազիվ աչք մը նետած գրքի մը առաջին էջին վրա և ահա վերջաբանը հասկնալ կուզե. իր աճապարող հոգիին ծանր կուգա էջերը դարձնել մի առ մի։ Այսպիսիներուն համար թատրոնն է որ պիտի գա իր կյանքի համառոտ կրճատումովը ամենեն նեղսիրտները գոհացնել, մեկ երկու ժամվան մեջ ամբողջ տարիներու հոլովումը, անցքերը, պատահածները խիտ ու հոծ ձևով մը ներկայացնել, և էապես շահեկան մասերը երևան հանել։

Եվ զարմանք որ մեր մեջ՝ ուր ընթերցանության սերը չկայի պես է, ուր գիրք չի հրատարակվիր գրեթե, ուր լրագիրներն