Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վշտացներ և ավելի բարձր էր անոր ակնարկը։ Հիվանդանոցի մատրան մեջ ննջեցելույն արարողությունն երկար չի տևեց ու դագաղը ճամփա հանեցին դեպի գերեզմանատուն...։

Գայթակղյալ ամբոխը կը հետևեր դագաղին ավելի թշնամվո քան թե հուղարկավորի մը դիրթով, ու խռովյալ տրտունջ մը՝ որ քահանային աղոթքին կիշխեր, որոշ կերպով կըսեր․

— Չենք ընդունիր, չենք ընդունիր, չենք ընդունիր։

Դագաղը կը տանեին չորս հուժկու երիտասարդներ, Սեդրաքի այն թշվառ վիճակակիցներեն զորս ուժի կարոտ աշխատությանը մեջ, հիվանդանոցի վարչությունն երբեմն կը գործածե զանոնք բոլորովին անզբաղ չի թողլու համար։ Անշուշտ լավագույն է այս անզգա էակներուն հանձնել ննջեցյալ մը ի գերեզման առաջնորդելու տխուր պաշտեր։

Նեղ ու գալարուն ճամփե մը կը հառաջանային համրաքայլ։ Բնության ամենեն ավելի զմայլելի, պայծառ օրերեն մեկն էր, արևը կարձակեր իր ջերմ ու ոգևորիչ ճառագայթներն, երկինքը խաղաղ էր ու անամպ, ծառերր տերևներով կը ծածկվեին, նոր կյանք, նոր հոգի մը կը ծավալեր ամեն կողմ իբրև դառն հեգնություն մայս մահվան տեսարանին դեմ։

Այս թաղման ընդդիմացողներու ուրիշ խումբ մը կես ճամբան կսպասեր որ առաջնույն հետ միանալով կը ջանար անլսելի ընել թաղման արարողությունը։ Ժամկոչն իր ձայնը քահանային աղոթից կը միացներ արագ ու հապճեպ արտասանությամբ, ինչպես օր վայելուչ է աղքատին գերեզմանին, մինչդեռ խուժանը գանգատող ու բողոքող ձայնիվ կը կրկներ շարունակ.

— Չենք ընդունիր, չենք ընդունիր, չենք ընդունիր։ Տիգրան գլխիկոր կը հետևեր դագաղին. այս մրրկահույզ Հուղարկավորներուն աղաղակը չէր զոր կը լսեր, քահանային սրտահույզ աղոթքն էր՝ որու առջև կը խոնարհեր։ Ինչ, այս է եղեր յուր մտերմին վախճանն, այդ դիտությունն ու այդ սիրտն այս տխուր վերջավորությա՞ն վիճակյալ են եղեր, ո՞վ պիտի հավատար մի քանի տարի առաջ երբ անփույթ ու զվարթ ապագային վրա հանդուգն ապահովությամբ կը խորհեին։

Բայց ամբոխին աղաղակն հետզհետե կը բարձրանաք