Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սպառնալից շեշտով մը. գերեզմանատունն հասեր էին. պահ մը լռություն տիրեց, գիտցողները չգիտցողներուն կը պատմեին այն անլուր սրբապղծությունը. բողոքական մը ուղղափառ Հայոց գերեզմանին մեյ ընդունվի՜... Լուսավորչականներուն գերեզմանատունը մտնելն արքայություն մտնելեն ավելի դժվարին էր։

Ծայրահեղ միջոցներու դիմելն առաջ ամբոխը կը խորհրդակցեր, խռովության հողմը կը տարուբերեր զայն, մինչդեռ իր խուլ և մոլեգին բողոքն շրջակա արձագանքներեն կրկնվելով ընդարձակ հովտին մեջ կը տարածվեր։

— Չենք ընդունիր, չենք ընդունիր, չենք ընդունիր։

Ո՞վ էր և ի՞նչ կուզեր այս հիմար ու կատաղի բազմությունը։ Տիգրան անոնց դարձավ։ Իր պատանութենեն կը ճանչնար զայրացյալ խուժանի մը բոլոր աժն ու տկարությունը. ժամ էր վերջ տալու այս ամոթալից տեսարանին, դագաղը քարի մը վրա կսպասեր, և քահանան անօգուտ կերպով կը բանակցեր այս անզգամներուն հետ խոսք հասկցնելու անոնց։ — Իզուր ըսավ անոնց թե Քրիստոսի և ոչ մեկ վարդապետության մեջ կը տեսնվեր այս աններող մոլեռանդությունրը թե երիտասարդ ննջեցյալը բողոքական մը չէր, իզուր գերեզմանին սրբությունն ու մահվան նվիրականությունն հիշեցուց այս չափազանց կրոնասիրութենե մոլորյալ հոգիներուն։

Երկու հարյուր հոգվո չափ բազմություն մը կը շրջապատեր մթին փոսն՝ ուր Սեդրաքի մարմինր պիտի ամփոփվեր, և քահանային տկար ձայնը շուտով կը կորսվեր ահավոր ու վայրենի մռնչման տակ որ երկու հարյուր բերնե արձակվելով, փոթորկաշունչ հողմի մը պես կը սավառներ.

— Չենք ընդունիր, չենք ընդունիր, չենք ընդունիր։

Երբեք անկրթությունն այս աստիճան վայրենի երևույթ մը չէր ստացած, ափսո՜ս, միևնույն անսաստ ու կամակոր խուժանն էր զոր ինքն այնքան անգամ բորբոքած ու արձակած էր ազգային իշխանոլթյանց դեմ, ինչպես թնդանոթաձիգ սպան կարձակե յուր հրատապ և ավերիչ ռումբը։ Այժմ այդ մարդիկն իրեն դեմ կելնեին այնքան կոշտ ու անգութ որքան այլոց դեմ հանած էր։