Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մնան ասպարեզին վրա, շարունակելով Մասիսը հրատարակել և հատուցանել հանրության այն պարտքի բաժինը, որ երիտասարդության կիյնա։

Անոնք որ հանրության դեմ ոևէ պարտավորություն չունենալու գաղափարը ունին, անոնք ողորմելի եսամոլներ են, աննշան ու անօգուտ մարդիկ ով որ ըլլան, ուր որ ալ գտնվին. անհատական հաշիվներեն դուրս աշխարհի մը գոյությունը չճանչողներուն բաժինը այդ աշխարհին առջև անծանոթ մնալնին է։

Հոս, հոն, պիտի պատահիր մարդոց, ծանոթներու որ թևերնուդ քաշեն, կամաց մը ականջնուդ ի վար փսփսան, իրենց փորձառու մարդու խորհուրդները տալով.

— Անձնական գործերուդ հատկացո՛ւր եթե ժամանակ ունիս ավելորդ. ի՞նչ հարկ դրական գործի մը կապվիլ, որ փորչկշտացներ։

Կը մաղթենք որ այս հավիտենական անկուշտները չթունավորեն, չապականեն մեր տղոց հոգիները։

Այլ ամեն ոք գա՛ թող իր աշխատության բաժինը բերելու իր տարիքին, իր կարողության համեմատ ծառայելով երկրին և հասարակության, անհատները կանցնին և կանցնի իրենց հետ կյանքերնուն հիշատակը. բայց ինչ որ ապահովապես կը մնա անկորուստ, հանրության վաստակավորի մը անունն է, միակ ինչք՝ որ արժեք ունի, միակ հարստություն՝ որ չփճանար և զոր հանրային երախտագիտությունը կը պահպանե հավիտյան։

Այս պարզ դիտողությունները ըրինր պատասխանելու համար անոնց, որոնք կը կարծեն թե անխելքի գործ մը կընենք մենք, փաստաբան, վաճառական կամ արհեստավոր, մաս մը հատկացնելով մեր ժամանակեն գրական գործի մը, երբ այդ մասն ալ մեր արհեստին մեջ կարելի էր դրամով փոխարինել։

Շահադիտությունը պետք է վերջապես կանգ առնե տեղ մը։