Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՃԱՄՓԵՆ ՇԵՂԱԾ

Մարդկային առաջադրություններով հեղհեղուկ հանգամանքը նոր չպիտի սորվինք։

Պզտիկ զարտուղություններու, թեթև խոտորումներով որոնցմե՝ ոչ ոք զերծ մնալու հավաստիքը ունի, չպիտի ուշադրություն դարձնեինք, եթե խոտորողը ինքը՝ իր խստապահանջ բարոյախոսի դերը ծայրահեղության տարած չըլլար, իր անմոլոր առաքյալի կոչումին վրա չբարբառեր շարունակ։

Մանավանդ խորհեցանք որ չէինք կրնար լռել անոր համար որ պզտիկ շեղումը կը մեծնար հետզհետե, միակերպ աճումով մը ու, պարզապես, առջի ուղղության ու հին քարոզներուն, որոնց պարզմտությամբ ունկնդրեցինք ատենով, գլխովին ներհակին կը հանգեր։

Այս պարագային մեջ մտածեցինք որ ժամանակ էր, քիթերնուս խնդացած ըլլալու առավելությունը մեծխոսիկ քարոզիչին չձգելու համար, հին օրերուն խոստումները իր միտքը ձգել, հին բարի ժամանակներուն հիշատակը և ուխտը պահիկ մը վերակոչել։