Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քարոզիչը Հայրենիքն է. ամենքը հասկցան արդեն։

Իր երևումը արդարացնելու համար մեջ բերված պատճառը այն էր, կամ գեթ այնպես կը պատմվեր ամենուն, որ պետք մը կար վերցնելու այն խտրության ձևը, այն դասակարգերու անհատնում բաժանումը որ մեր հասարակության մեջ մուտ կը գտնար։

Ամեն ինչ հարուստներուն տալու ու ամեն ինչ անոնցմե ակնկալելու անհիմն գաղափարին դեմ ոգորելու համար երևցավ այս թերթը։

Ի սկզբանե, հրապարակին վրա ամեն բան կը վիրավորեր իր աղանդավորի պարկեշտությունը. իրեն նայելով լրագրությունը ու մասնավորապես Արևելք հարուստ դասակարգին հետ շատ կզբաղեր, շատ տեղ կուտար անոնց իր սյունակներուն մեջ. անոնք միայն գոյություն ունեին իր աչքին, անոնց ծնունդը, ամուսնությունը կամ մահը հանրային դեպքեր էին զորս կը փութար արձանագրել։

Հայրենիք ինք ուրիշ սկզբունքներ մեջտեղ դրավ. իր լուրջ խմբագրականներեն սկսած մինչև ամեն զվարթամիտ կատակաբանությունները որոնք թուռնաճյան էֆենտիի հարսնիքին ծանուցումովը խնդալե մարեցուցին զմեզ, միևնույն անխախտ կամքը կը հայտնեին։


Ո՛ւր են հիմա այն հին բարի ժամանակները Հարուստներուն ամուսնության կամ մահվան նկարագրությանց ջրհեղեղային ողողումին տակ Հայրենիք անտես եղավ մեր աչքեն, իր խմբագրականները երբեմն ոչ այնքան հոգածու գրչե կարտադրվեն, անոնց մեջ ոչ այնքան համառությամբ փնտրված է բուն բառը կամ պարբերության գեղեցիկ դարձվածքը որքան այդ ողորմելի նկարագրությանը մեջ։

Բարեշրջության օրե՛նքն է արդյոք այս անակնկալ ու հետադարձ ձևը լրագրության, զոր ցավով պետք է խոստովանիլ,