Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այս եղանակը, ամեն պարագայի մեջ իմ միտքս չէի կրնար լավագույն կերպով բացատրել։

Հետո, այս վեճը չշարունակելու համար եղած կանխահաս ազդարարությունը բոլորովին ավելորդ էր, ըստ որում գիտցողները գիտեն ու չգիտցողները կրնան գիտնալ, թե սկզբունքի, ուղղության, գաղափարի վերաբերյալ խնդիրներու վրա հմտության ու պատշաճության սահմանի մեջ բանակռիվ մը շարունակելու կարող շատ մարդ չկա «Հայրենիքսին մեջ։


«Հայրենիք»ի առաջ բերած արդարացումը՝ իր դատապարտությունն իսկ է։ Տարակույս չկա որ բանավոր չէ հիրավի ու հանիրավի հարվածել պերճ դասը որ մեր հասարակության մեկ մասը կը ձևացնեն ճիշտ ինչպես աղքատներն ալ ուրիշ մեկ մասը անոր։ Ասոնք շատ աղվոր, շատ սիրուն խոսքեր են. եթե մեկ պակասություն մը ունին, այն է թե այս խոսքերը «Արևելք»ինն են և ոչ ձերը, կամ թե, այնքան ձերն են որքան Հովվական Աստվածաբանությունը՝ իր Սրբազան հեղինակին։ Այս խոսքերը հեղհեղված են ձեզի դեմ ու ձեզի դեմ միայն։

Հիմա, ինծի դեմ հառաջ բերելով այս բացատրությունները, պաշտպանության գործիք մը ընելով ձեռքերնիդ, գրեթե համբուրելով այն խարազանը որով զձեզ մտրակած էին ատենով, հեղհեղո՞ւկ թե հաստատամիտ լրագիր մը ըլլալնիդ ցուցուցիք։

Դուք որ հրատարակած եք Մեծերը ու պզտիկները վերնագրով հոդվածս, գիտեք թե ի՛նչ էր իմ ուզածս, ես համերաշխ գործակցություն ու արդար բաժին կուզեմ երկուքին համար ալ։

Ես չըսի ձեզի, որ ազգին օգտակար անձի մը մահը պետք չէ որ գրեք, չըսի մինչև իսկ որ անօգուտ անհատի մը մահը չի գրեք երբոր կը վճարեն ձեզի, գիտեմ որ Կատոնին բերանը ունիք միայն և ոչ սիրտը, գիտեմ որ չեք կարող ձեր անձին համար ըլլալ այնքան խստապահանջ որքան դուք հանիրավի աններող եք ուրիշներուն դեմ։

Այլ ըսի միայն և հասարակությունը ինծի հետ պիտի ըսե ձեզի որ ձեր թերթը այն չէ որուն աշխատակցեցանք ատենով։