Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կըսեք որ ձեր »Աշխարհիկ Կյանքները ու «Տխրունի»ները վճարված ծանուցումներ են. որո՞ւ մտքեն պիտի անցներ. շատ հնարագյուտ նրբություններ ունիք։

Եվ միթե շահագիտությունը կը զազրի՞ շահագիտություն ըլլալե, անոր համար որ ճարտար ձևերու տակ կը ներկայանա, էական բանը հոս, այդ հոդվածներուն դրամի փոխարեն գրված ըլլալու խոստովանություննիդ է. և ուրիշ մը իմ տեղս պիտի գոհանար ադով. բայց ես կուզեմ նաև տրամաբանելու կարողություննիդ ալ երևան հանեք, տեսե՛ք ինչ կերպով։

Կըսեք որ այդ ծանուցումներուն տակ «պատմական ստուգությունները» կը զետեղեք։ Պատմական անցքերը՝ վճարված ծանուցումներե անջատ դնելու տեղ չի գտա՞ք։

Մտածեցե՛ք որ հակասություննիդ անհեթեթ սեպվելու չափ մեծ է. կա՛մ պատմական ստուգություններ, կարևոր անցքեր կը հրատարակեք այդ խորագիրներուն տակ, այն աղքատասեր վաճառականին մահվան պես որուն կակնարկեք, և այն ատեն պետք չէր որ այդ հանրային կորուստը՝ վարձված ազդարարության մը մեջ անհոգ կերպով թաղեիք, առանց ոևէ խորհրդածության ձեր կողմե, երբ այնքան շռայլ եք ձեր բոլոր մտածածները պարզելու ամեն առթիվ և կամ հարսի մը շրջազգեստին ձևը և ժանյակներուն Ալանսոնեն գալը՝ պատմական ստուգություններ կը նկատեք։

Այս երկսայրաբանության առջև, կզգաք, այնպես չէ՞, որ փախուստ չունիք ու պատին փակած եք բոլորովին։


Դժբախտություն մըն է անշուշտ որ այն երիտասարդները՝ որոց բարոյական երաշխավորության տակ այս թերթը հասարակության ներկայացավ, որոց գրական փառքովը պարծենցավ ամեն օր, շատ ուշ տեսան մանվածապատ շավիղը որուն այս թերթը կը հետևեր։

Ի՞նչ էր առանց մեզի, առանց իր շուրջը բոլորվողներուն, այս թերթին իրեն հատուկ ուժը. ու հիմա այս թե՞րթն է նորեն,