Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ կը համարձակի «Մասիս»ի խմբագրապետին ըսել որ պատիվ մը կընե վիճաբանելով իրեն հետ։

Կուզե՞ք որ փունջ կապեմ այն գովասանքներեն զորս ձեր թերթին մեջ ըրիք իմ համեստ անձիս համար, աշխարհի առջև չպարծեցա՞ք միթե էն չնչին գրությունս ալ իբրև խմբագրական հրատարակելով։

Եվ հիմա որ հեռացանք «Հայրենիք»են, հիմա որ բազեի թևերով զարգարված այս ռամիկ սագը ձգեցինք իր ճահիճի կյանքին, հիմա՞ ուշաբերեցաք ըսելու համար որ պզտիկ ու թեթև մարդու հետ գործ ունեցած էիք։ Այu կերպով կը պաշտպանեք ինքզինքնիդ՝ հեղհեղուկ, առանց սկզբունքի լրագրի ամբաստանության դեմ. հաստատած թե հերքած եղաք իմ ամբաստանությունս։ Եվ որ ցույց կուտաք ահա թե որքա՜ն ապիկար եք նույնիսկ ձեր անձը պաշտպանելու գործին մեջ, ձեզի՞ մնացեր է հանրային շահերը պաշտպանել։

Եվ այն պահուն որ կը վերջացնեմ այս տողերը, ի՜նչպես կրնամ արգիլել ինքզինքս մտածելե այն առջի օրերուն։ Ո՞ւթ է այն լեցուն, ուժով ու բարձր թռիչքով օդապարիկը, որուն ճախրանքը պիտի դիտեինք. պարպված, կծկված բան մըն է հիմա. օդաչու հսկայեն՝ գետնաքարշ թզուկ մը մնացած։