Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/355

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ճշմարտությունը՝ ուրեմն ամեն բանե առաջ, մանավանդ թե ամեն բանե վեր. ահա գրականության արդի բանաձևը որ Զոլայինն է։


Ըսին որ կյանքի այն հոյակապ ուսումնասիրությունը որ «Ռուկոն—Մագառներ»ու շարքովը կը մարմնանա, իր նկարամոլ ճշտապահությամբը վնասակար ու վտանգավոր բան մը ուներ հանրային բարոյականության համար։

Ամեն անոնք որ մոլության դեմ մաքառած են, վար առնելով անոր կեղծիքի դիմակը, ամենքն ալ այս ամբաստանության ենթարկված են։ Հա՞րկ էր ուրեմն մոռնալ որ մոլությունը գոյություն ունի կամ ցույց տալ զայն Ֆյոյյեին պես այն նուրբ շպարներով գեղեցկացած որ հրապուրիչ ընծայեն զինքը անփորձ աչքերու։

Այսպես չէ խորհած ֆրանսացի մեծ վիպագիրը և պարկեշտասուն Անգլիան վերքերս իր մեկ մեծ գրագետին բերնով, որ Վերնոն Լի կստորագրե, ճանչցած է որ Զոլայի ձեռնարկած գրական վաստակը էապես բարոյացուցիչ հանգամանք մը ունի։

Իր վեպերուն մեջ Դժբախտությունը ու Անկումը ուսումնասիրած է այս մեծ գրագետը ուրիշներու թողլով Բախտը ու Հաջողությունը պանծացնեք ու դյուրին գործը։

Խավարին ու տիղմին մեջ ռահվիրա մը եղած է իր ներողամիտ իմաստասիրության լույսը ցրվելով հոն ալ։ Զզվանքի ու սոսկումի աշխարհին այս մեծ խուզարկուն՝ շահեկան, ապշեցուցիչ ու զմայլելի բաներ գտած է այնտեղ. ու տիրող ընդհանուր փտտումին վրա առանց հուսահատելու, նոր հավատք մը, նոր ուժ մը քաղած է անկից վերակենդանության, մաքուր ու անբիծ կյանքի մը ծագումը այդ աղջամուղջեն։

Այս է ահա իր եզրակացությունը որ սրտապնդություն կուտա ընթերցողին, իր վիրաբույժի գործողությունը որ շարավի ու թարախի գարշանքը ունի, կենդանության, գրեթե վերակենդանության գործ մըն է։