Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թե որքան քիչ ճանչցած են Զոլան անոնք որ ապականիչ ու վտանգավոր բան, մը կը համարին անոր գրական վաստակը։ Ասոնք են ահա իր «Ռուկոն—Մագառներ»ու շարքին ամենեն փայլուն գոհարները։

Այս հսկայի աշխատութենեն զատ էմիլ Զոլա նշանավոր է իր գրական քրիթիկներովը որոց առաջինը «Իմ Ատելություններս» հորջորջած է։


Այս անվանի գրագետին հատկանիշը, որով իր մեծ դեմքը կը ճշտվի ժամանակակից ֆրանսացի այնքան նշանավոր գրողներու մեջ, իր ոճին կորովն է, նկարագրությանը ապշեցուցիչ ճշտությունը, պատկերներու ճոխությունը և ընդարձակությունը։

Էմիլ Զոլա անհատի վիպագիրը չէ այլ մարդկային ահագին կույտերու, ամբողջ դասակարգերու։

Ինքն է միայն որ գտած է անհամար բազմություն մը մեկանց, մեկ հատորի մը մեջ երևան հանելու, ապրեցնելու ու երկարաձիգ պատմության տևողության միջոցին՝ ամենքն ալ աչքի առջև պահելու դժվարին խնդրույն լուծումը։

Իր ամեն գործերուն մեջ հարյուրավոր արարածներ են որ կը շարժին, կապրին, կը խոսին. ընկերության մեկ կարևոր մասն է որ տեսարանին վրա կուգա և կը կենա հոն մինչև որ վարագույրը իջնա։

Իր իմաստասիրությունը կյանքի պայքարներու գիտակից մարդու ներողամտությամբը տոգորված է. այս գրագետը գիտե թե որքան քիչերու վերապահված է․ ուրիշի դեմ աններող ու խստապահանջ ըլլալու ահարկու իրավունքը։


էմիլ Զոլա երկրաչափի մը զավակն է. իր հորը վերահաս մահը, ժառանգական դատերու մեջ՝ հայրենի հարստության վճարումը հարկադրած են դիրքը կիսկատար թողուլ իր ուսումը։