Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իր երիտասարդության տարիները՝ Փարիզի մեջ՝ սև չքավորության, կես-անոթության տարիներ եղած են։

Հետո սկսած է ապրուստը ճարել Հաշեթի հռչակավր գրավաճառին քով աշխատելով իբրև պաշտոնյա, ուրկե հրապարակագրության մեջ թևակոխած է «Ֆիզառո»ի մեջ ընդունվելու իբրև քննադատ և որուն էջերուն մեջ պարզած է իր բնապաշագրագետի համոզումները որ այնքան ոխ ու ատելություն հարուցած են իր շուրջը և որ մինչև հիմա վառ կը մնան իրմե հարվածյալներե շատերուն սրտին մեջ։

Անկե վերջը իր գործերը ընդունելություն գտնել սկսած են, հաջողությունը իր ոտքը եկած է վերջապես։

Զոլա մեծ համբավ կը վայելե մասնավորապես Ռուսիո մեջ ուր «Ռուսական Հանդես»ին աշխատակցությամբը հռչակավոր է։ Ապաքեն իր հուզած բոլոր ընկերական մեծ հարցերը օրվա խնդիրներ էին հոն և ընթերցողը չէր կրնար անտարբեր մնալ այս հրապարակագրին որ այնքան կարեկցությամբ կը ճշտեր անտարբեր աշխարհի աչքին՝ անոր անծանոթ պահված կյանքին պայմանները։

Մեծ վիպագիրը առանձնասեր ոգի մըն է։ Ընկերութենե ու բազմութենե կը խորշի՝ գրքերու մեջ ամբոխի սիրահար այս մարդը. իր բոլոր երազը եղած է առանձին ու անշշուկ գոյություն մը։