Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կամքերը հակասեն իրարու, լրագիրը պարտավոր է երկարին ալ սիրտը ընել, դյուրաթեք ու ճկուն ըլլալ՝ ամենեն ներհակ ձգտումներուն հարմարելու չափ։

Ընթերցողներեն մաս մը՝ գրականության հետամուտ է, ուրիշ մը՝ գիտությանը փափագող, աս՝ բանասիրութենե կախորժի ու ադ՝ բանասիրությունը կատե. գավառացին՝ ներքին լուրերու հետամուտ է ու մայրաքաղաքացին՝ եվրոպական տեղեկությանը. վարդապետը՝ նորավեպ կը սիրե միայն ու աշխարհականը՝ հանկարծ հավատքի տագնապե մը բռնված՝ կրանային վերացումներու պետքը կզգա։

Լրագիրը, այս խառնակ զանգվածին առջև, հարկադրված է տեղի տալ, հեղուկի մը պես, ուզված ձևը մտնել և ըլլալ մասանա-լրագիրը ուսկից ամեն ոք՝ իր սիրած համը կարող ըլլա առնել։


Մեր մեջ, լրագիրները այս իտեալին կը ձգտին, ու այս վախճանին կը դիմեն սկեպտիկ փիլիսոփայությամբ մը զինված։ Աջեն ու ձախեն՝ զիրենք քաշող ընդդիմամարտ ճաշակներուն առջև, կը շվարին ու անշարժության մեջ կը մնան։ Իրենց կարծեցյալ հառաջդիմությունը՝ աննպատակ դեգերանք մըն է և իրենք առաջինն են որ կը ծիծաղին իրենց գրածներուն վրա։

Ո՛չ մին՝ հարկ եղած արիությունը ունեցած է ի բաց վանելու հանրության այս կամքերը ու թոթափելու ընթերցողներուն հաճելի ըլլալու տկարությունը որ նյութական տկարությունն է ապաքեն։

Տեսնված է որ է՛ն հոխորտները, հաճախ է՛ն հաճոյակատարները ըլլալու վիճակվին։ Իրենց բոլոր բարի կամեցողությունը, իրենց ազնիվ առաջադրություններր չեն կրցած տոկալ այն մեղմ ու հարատև հարձակումին՝ որուն ենթակա է ամեն թերթ իր ընթերցողներու կողմեն։

Ամեն ոք՝ իր խրատը կուտա թերթին ուղղության, պարունակության ու հաջողության պայմաններուն վրա։

Եվ, բարոյական մեծ ու շատ անխախտ նկարագրի տեր